Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի գովազդի սահմանափակման մասին օրենքների նախագծերի փաթեթը |hetq.am|
06:59 - 08 մայիսի, 2019

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի գովազդի սահմանափակման մասին օրենքների նախագծերի փաթեթը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորներ չեղան:

Նախագծով առաջարկվում է «յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում»:

Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները, վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում սպորտային միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում՝ այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում և դրա ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել