Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|
14:46 - 12 փետրվարի, 2020

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում իրենք խոստացել էին հայտնի «ԿամԱԶ-ների» գործով նախագիծ ներկայացնել և փարատել հանրության կասկածները և մտահոգությունները: «Եթե հասարակության մոտ տպավորություն կար, որ այդ նվերները գաղտնի են պահվում և կարող է կոռուպցիա դիտարկվել, ապա այս նախագծով արձանագրում են այն փաստը, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավորվում են մեկ շաբաթվա ընթացքում նվիրատվության մասին տեղեկատվությունը տեղադրել կայքում։ Իսկ եթե կան փոքրիկ համայնքներ, որոնք դեռևս կայք չունեն, ապա պետք է փակցնեն համապատասխան ցուցանակներում, որպեսզի նվեր տվող կազմակերպությունն այլևս համայնքից արտոնություն ստանալը անբարո համարի»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ զարմացած է այն տեսակետից, որ սա շատ լավ օրենք է: «Սա շատ վատ օրենք  է, վատ հետևանքներով, փաթեթավորմամբ, վատ տրամաբանությամբ, և ընդհանրապես փիլիսոփայության տրամաբանությունը սխալ ուղղությամբ է գնում: Մենք իրավունք չունենք սահմանափակել նվիրաբերողի գաղտնի մնալու իրավունքը, մենք պետք է բացառենք, որ այդ նվիրատվությունն այլ նպատակների ծառայի»,-ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ առաջարկեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։

Գևորգ Պապոյանը նշեց, որ համայնքներին նվիրատվություններ անելու տեղեկացվածության ապահովման հարցն օրերս հաստատած օրինագծերով լուծել են։ «Ավելին ասեմ՝ կարող է լինել իրավիճակ, որ մեկը կուզենա 2 մլն դրամ նվիրատվություն անել, կկապվի ապագանու հետ, իսկ ավագանին ու համայնքի ղեկավարը կլինեն հակասության մեջ, ավագանին դեմ կքվեարկի, ու այդ 2 մլն նվիրաբերությունից համայնքը կզրկվի»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել