Ադրբեջանի կողմից խոշոր չհայտարարված զորավարժությունների անցկացումը չի նպաստում վստահության մթնոլորտին. Զոհրաբ Մնացականյան
09:47 - 13 մարտի, 2019

Ադրբեջանի կողմից խոշոր չհայտարարված զորավարժությունների անցկացումը չի նպաստում վստահության մթնոլորտին. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի առաջնահերթություններին: Այս մասին նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշեց, որ Հայաստանը համաձայն է սլովակյան կողմի մոտեցմանը, որի կարծիքով՝ ցանկացած հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն մարդկանց իրավունքները եւ կամքը:

ԵԱՀԿ տարածքում չպետք է լինի միջազգային հանրության ներկայացուցիչներին անհասանելի վայր, եւ այս սկզբունքը տարածվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա:
Նախարարը հաստատեց Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքին եւ ընդգծեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրականացման կարեւորությունը:

«Հայաստանի համար առաջնահերթություն են եղել եւ մնում Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը, ինչպես նաեւ բանակցություններին նրա ներգրավվածությունը»,- նշեց Մնացականյանը: Այս ենթատեքստում նա հիշեցրեց, որ Արցախի ժողովուրդը իր հայրենիքում իր ճակատագիրն ինքը պետք է որոշի:

Նախարարը նաեւ կարեւորեց վստահության մթնոլորտի ստեղծումը, ռիսկերի նվազեցումը, ինչպես քննարկել էին Դուշանբեում եւ ավելի վաղ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում: «Հենց այս օրերին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ չհայտարարված զորավարժությունների անցկացումը, իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին հակառակ, չի նպաստում նշված վստահության մթնոլորտի ստեղծմանը»,- շեշտեց նախարարը:

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել