Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին. Մամեդյարով
13:25 - 14 մայիսի, 2019

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին. Մամեդյարով

azatutyun.am։ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այսօր Բրյուսելում պատասխանելով հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Պարոն Մամեդյարով, պաշտոնական Երևանը պնդում է, որ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ գտնել հակամարտության իրական կարգավորում:

Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է:

Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք:

Բայց սկզբունքորեն դուք դեմ եք Ստեփանակերտի մասնակցությանը:

Սկզբունքորեն այո:

Ինչո՞ւ:

Կես ժամ դա էի բացատրում:

Ոչ, դա չէիք բացատրում: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի ժողովրդի կողմից չի ընտրվել, դրա համար էլ նրանց չի ներկայացնում:

Ի՞նչ լեզվով ասեմ, կարդացեք ձեր Սահմանադրությունը, 90-ականների Սահմանադրությունը կարդացեք, դրանից հետո կխոսենք:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվե՞լ է Ղարաբաղի ժողովրդի կողմից:

Այս հարցը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անպատասխան թողեց:

«Այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Դուշանբեում․․․ Հայաստանում կան կարծիքներ, որ Ադրբեջանը համեմատաբար խաղաղ իրավիճակը սահմանին օգտագործում է, որպեսզի ամրացնի իր ինժեներական կառույցները», - հայաստանցի լրագրողներից մեկի այս դիտարկմանը Մամեդյարովն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ սկզբունքային պայմանավորվածություն կա ամեն ինչ հաստատել համապատասխան մարմինների միջև շփումների միջոցով, կարծում եմ՝ իրենք շփվում են, որովհետև երբ ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, նրանք զանգահարում են իրար, մենք խոսում ենք պայմանավորվածության մասին, այն հաստատվել է թեժ գծի միջոցով:

Մյուս կողմից էլ՝ հասկանում եք, հնարավոր չէ այսպես շարունակել ապրելը, դուք ասում եք սահման, մենք դա անվանում ենք շփման գիծ, եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի մասին, դա ուրիշ բան է, եթե ասում ենք, որ դա տեղի է ունենում շփման գծում, դա շփման գիծն է, սահման չէ, այնպես որ՝ այստեղ նստած ինքներդ ձեզ եք խաբում և ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում:

Ավելին՝ azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել