24News.am: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, համաձայն որի՝ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են, և որ իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։

Ի պատասխանն՝ Աննա Նաղդալյան հայտնում է, որ բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու առաջարկը հենց Հայաստանինն է, հետևաբար հայկական կողմը չի կարող մերժել այն, ինչ հենց ինքն է առաջարկել։

«Արցախը կտրականապես հերքել է զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, և ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ իրականությունը պարզելու նպատակով»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը և հավելել, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին։

«Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում՝ հետաքննող մեխանիզմ ստեղծելու՝ 2016 թ․ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ուշագրավ է նաև, որ զինծառայողի սպանության համար հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա բանակցային գործընթացը խաթարելու և համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է»,-ասել է Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ, նման կեղծ լուրեր տարածելով, Բաքուն փորձում է իր ապակառուցողական քաղաքականության մեղքը բարդել բանակցային մյուս կողմերի` Հայաստանի ու Արցախի վրա։

Աննա Նաղդալյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և շարունակելու է ջանք ներդնել դրան նպաստող մթնոլորտ ստեղծելու համար։

Ադրադառնալով դիտակմանը, թե Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքների հետ մեկտեղ՝ Ադրբեջանի ԱԳՆ կողմից նշվում է այնտեղ ապրող հայերի, հետևաբար նաև Ադրբեջանի՝ հանդուրժողականության երկիր լինելու մասին, Աննա Նաղդայանը նշել է, որ իր տարածքում բնակվող հայերի մասին նշում է մի երկրի ներկայացուցիչ, որտեղ արգելվում է ոչ միայն հայերի, այլև նրանց ազգանունների գոյությունը տարբեր ազգերի ֆուտբոլասերների շապիկների վրա:

«Ադրբեջանում առ այսօր առկա անհանդուրժողականությունը հետևանք է Սումգայիթի, Բաքվի և այլ բնակավայրերում իրականացված հակահայկական ջարդերի, հայատյացության սերմանման քաղաքականության անպատժելիության, որի գագաթնակետը եղավ Սաֆարովի հերոսացումը և Արցախի դեմ Ադրբեջանի 2016 թ. ապրիլյան ագրեսիան, որը ուղեկցվում էր զազրելի վայրագություններով»,-ասել է ԱԳՆ խոսնակը: