ԱՍՀ նախարարությունը կոչ է անում առաջիկա երկու շաբաթներին խուսափել հանրային տարածքներ այցելելուց
19:11 - 13 մարտի, 2020

ԱՍՀ նախարարությունը կոչ է անում առաջիկա երկու շաբաթներին խուսափել հանրային տարածքներ այցելելուց

Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում հնարավորության դեպքում առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև այլ հանրային տարածքներ այցելելուց: Այս մասին հայտնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ այցելությունը խիստ անհրաժեշտ է (կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման սահմանափակ ժամկետով պայմանավորված դեպքերում), օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվացեք և ախտահանեք ձեռքերը, ինչպես նաև ըմբռնումով մոտեցեք աշխատակազմի՝ հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ խնդրանք-հորդորին:

Նախարարությունը հիշեցնում է, որ առանձին ծրագրերով երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ կարելի է ուղարկել առցանց եղանակով՝ https://bit.ly/2TMtzYX:

Սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող բոլոր հարցերի դեպքում կարելի է զանգահարել 114 թեժ գծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել