ԱՄՀ-ն պատրաստ է բացել պատերզմական իրավիճակի համար նախատեսված պահուստը՝ 1 տրիլիոն դոլարի չափով
 |aysor.am|
14:49 - 05 ապրիլի, 2020

ԱՄՀ-ն պատրաստ է բացել պատերզմական իրավիճակի համար նախատեսված պահուստը՝ 1 տրիլիոն դոլարի չափով |aysor.am|

aysor.am: 

COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան: Նա հավելել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է բացել «ռազմական մեկ տրիլիոն դոլարը», որը ԱՄՀ հատուկ պահուստն է՝ նախատեսված ռազմական ժամանակում օգտագործելու համար:

Գեորգիևան, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում, COVID-19 համաճարակն անվանել է աննախադեպ ճգնաժամ, գրում է Svoboda.org-ը։

«Այս ճգնաժամը նմանակներ չունի: Պատմության մեջ երբևէ մենք չենք նկատել համաշխարհային տնտեսության կանգ», - ընդգծել է ԱՄՀ ղեկավարը: «Մենք մտել ենք ռեցեսիոն շրջան», - ասել է Գեորգիևան:

Ինչպես մահացու հիվանդությունը ազդում է թուլացած մարդկանց վրա, այնպես էլ տնտեսական ճգնաժամը ազդում է թուլացած տնտեսությունների վրա, ասել է Քրիստալինա Գեորգիևան:

«Պատերազմի համար պահուստային հիմնադրամում մենք ունենք 1 տրիլիոն դոլար (930 միլիարդ եվրո), և մենք վճռական ենք դրանից օգտագործել այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք տնտեսությունն այս ճգնաժամի հարվածներից», - ասել է ԱՄՀ ղեկավարը։

Նա նշել է, որ ավելի քան 90 երկիր արդեն դիմել է Հիմնադրամին հրատապ օգնության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել