ԱՄԿ եւ ԵՄ աջակցությամբ ԱԱՏՄ աշխատակիցները վերապատրաստվում են
09:19 - 26 փետրվարի, 2020

ԱՄԿ եւ ԵՄ աջակցությամբ ԱԱՏՄ աշխատակիցները վերապատրաստվում են

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ գործակցության շրջանակներում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողներն անցնում են մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ։

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, դրանք կազմակերպվել են՝ նպատակ ունենալով լրջորեն պատրաստվել 2021 թ․ հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ լիազորությունների ընդլայնմանը։

«Վերապատրաստում ձեռնարկությունում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերաբերյալ» խորագրով դասընթացները լինելու են թե տեսական, թե գործնական՝ հիմնվելով աշխատատեղում աշխատանքի պայմանների գնահատման վերաբերյալ հայերեն թարգմանված մասնագիտական գրականության վրա։ Գործնական վերապատրաստումներն ընթանալու են հայաստանյան մի շարք արտադրական կազմակերպություններում։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը մեծապես կարեւորել է տեսչական մարմնի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված այս նախաձեռնությունը։ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորման նոր լիազորությունների ստանձնումը «սարերի հետեւում» չէ։ Նախկինում գործող աշխատանքի տեսչության գործառույթների վերականգնումը եւ դրանք ԱԱՏՄ-ին վերապահելը կարեւորագույն որոշում էր գործող կառավարության կողմից՝ աշխատողների իրավունքների պաշտպանության առումով։

Ուստի մենք պետք է ըստ արժանվույն պատրաստ լինենք դրան՝ կադրերի վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ տեխնիկական հագեցվածություն ապահովելու առումով»,-վերապատրաստման դասընթացների մեկնարկին նախորդած աշխատանքային հանդիպման ժամանակ շեշտել է Հակոբ Ավագյանը։

ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն շեշտել է, որ վերապատրաստումները հնարավորություն կտան գնահատել՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ ԱՄԿ կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը։ Ըստ այդմ՝ կլրացվեն բացերը, կհզորացվի ռեսուրսը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը հիշեցրել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրով ամրագրվել են միջազգային չափորոշիչներ, որոնց պահպանմամբ ՀՀ-ում աշխատանքային իրավունքները պետք է լինեն առավել պաշտպանված եւ պատշաճ մակարդակի։ Ազարյանն ընդգծել է, որ ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ փորձ է արվում օժանդակել ԱԱՏՄ-ին՝ ունենալ մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ։

Վերապատրաստման դասընթացներին զեկույցներով ու խորհրդատվությամբ հանդես են գալիս ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն, ԱՄԿ փորձագետ Եկատերինա Կուզնեցովան։ Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը, ԱՄԿ ծրագրի օգնական Մարիաննա Ավդալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել