ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը |armenpress.am|
17:13 - 27 մայիսի, 2019

ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը:

«Հենրիխ Մխիթարյանը հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը, հատկապես զինադադարից հետո, ադրբեջանական հասարակության շրջանում՝ նախադպրոցական տարիքից սկսած հստակ հայատյացություն տարածելու քաղաքականություն է իրականացնում: Իմ ունեցած տեղեկություններով, նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ, մի օր Մխիթարյանը կխոսի ի լուր աշխարհի: Ես լիակատար սատարում եմ Հենրիխ Մխիթարյանի այդ որոշումը: Դա կշռադատված որոշում էր»,-ասաց Հայրապետյանը:

Նա հիշեց, որ Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանը փորձել է ֆուտբոլիստին մեղադրել հարցը քաղաքականացնելու մեջ, սակայն նշեց, որ հարցն ի սկզբանե քաղաքականացվել էր, երբ Մխիթարյանին ընտրության առաջ են կանգնեցրել՝ ընտրելու սպորտի և անվտանգության միջև: «Հետևաբար, պետք է նաև ազգային ժողովից գնա այս ուղերձը, որ ֆուտբոլիստը հստակ լսի՝ սատարում ենք իր որոշումը և աջակցում ենք իր համար չափազանց ծանր պահին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Նա նշեց, որ, հավանաբար, խորհրդարանում հարցը ևս կբարձրացնի՝ օգտվելով հայտարարությունների ժամից և ԱԺ ամբիոնից կխոսի այդ մասին: Հայրապետյանը չբացառեց նաև, որ հետագայում խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ևս հարցը կբարձրացվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել