ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
14:41 - 27 մարտի, 2019

ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: 

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Վանեցյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և կգրանցվեն նոր ձեռքբերումներ:


Իր խոսքում ԱԱԾ տնօրենն ընդգծել է ԱՄՆ տարբեր գերատեսչությունների հետ համատեղ միջազգային ահաբեկչական խմբավորումների, կիբերհանցագործությունների, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի ու ռադիոակտիվ նյութերի տարածման, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ-ի դեսպան Թրեյսին ասել է, որ ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը և քննարկումը, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Հայաստանը գործակցել կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում:

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնել, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել