Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան
13:05 - 09 ապրիլի, 2020

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ունենք 10 հաստատված աջակցման  միջոցառումներ, որոնցից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ են։

«Երեկվա դրությամբ ամփոփեցինք արդեն ուժի մեջ իմպլեմենտացված միջոցառումների ընթացքը։ Միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության՝ սա երկու օրվա արդյունք է»,- նշեց նա։

Փոխվարչապետն ասաց, որ այսօր ևս մեկ միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես ԱՁ կամ իրավաբանական անձ։ Ըստ փոխվարչապետի՝ այս միջոցառման իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով պետք է աշխատել, բավականին պարզ են։ 

«Մենք շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների մասով։ 7-րդ միջոցառման սկիզբը մենք վաղը կհայտարարենք, մնացած միջոցառումների՝ 8-րդի, 9-րդի և 10-րդի փաստացի իրականացման գործընթացը ծրագրել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,- նշեց նա։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ աջակցման ծրագրերի ֆինանսավուրումը, 2 օր է՝ քաղաքացիները, որոնք այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ գումարը։

«4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, և 6-րդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն»,- նշեց նա։ 

Նախարաը հիշեցրեց, որ քաղաքացին իր՝ ծրագրերի շահառու լինել/չլինելը կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում՝ մուտքագրելով իր տվյալները։ Կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և ստանալ միանվագ աջակցությունը։ Զարուհի Բաթոյանը հավելեց, որ 4-րդ ծրագրի դեպքում ցանկն անընդհատ թարմացվում է։ Եթե մարդը տվյալ պահին իր անունը չի գտնում,  պետք է փորձի ավելի ուշ։ 

«Վաղը սկսվի ֆինանսավորումը 7-րդ ծրագրի, որը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, կամ իրենք չեն աշխատում։ ՄԵնք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ։ Այդ տվյալները մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների հետ՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի և այլնի, և պետք է հասկանանք՝ այս խմբից ովքեր են ծրագրի շահառուները։ Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ։ Սա այն թիվն է, որ այս պահին իդենտիֆիկացված է»,- ասաց նախարարը։  

Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերը դիմումի հիման վրա են իրականացվելու։ Նախորդ ծրագրերը  դիմումի անհրաժեշտություն չունեն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել