Ֆրագմենտացիայի ու կանաչների հաղթանակը. Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները |armtimes.com|
08:23 - 27 մայիսի, 2019

Ֆրագմենտացիայի ու կանաչների հաղթանակը. Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները |armtimes.com|

armtimes.com։ Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են եվրասկեպտիկ կուսակցությունները: Կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր:

Ֆրանսիայում, էքզիթ փոլի տվյալներով, հաղթել է Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 24 տոկոսը՝ 2 տոկոսով ավելի, քան նախագահ Էմանյուել Մակրոնի «Առա՛ջ Հանրապետություն» կուսակցությունը: Երրորդ հորիզոնականում կանաչներն են:

Մեծ Բրիտանիայում ընտրություններում առավել մեծ թվով ձայներ է ստացել Նայջել Ֆարաժի գլխավորած Brexit նոր կուսակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կտրականապես դեմ է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն:

Մեծ Բրիտանիայի երկու առաջատար կուսակցությունները՝ լեյբորիստներն ու պահպանողականները, 2014-ի ընտրությունների համեմատ մեծ թվով ձայներ են կորցրել, ընդ որում, իշխող պահպանողականները հայտնվել են հինգերորդ տեղում:

Ֆրանսիայում ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ այս ընտրությունը գործող նախագահի վստահության հանրաքվեն է: Երեկ գիշեր՝ էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենը հայտարարել է, թե Մակրոնը պետք է լուծարի Ֆրանսիայի խորհրդարանը:

Ի դեպ, Լը Պենի ղեկավարած կուսակցությունը նաև անցած անգամ՝ 2014 թվականին էր հաղթել Եվրախորհրդարանի ընտրություններում, բայց այն ժամանակ Մակրոնի ղեկավարած խմբակցությունը դեռ չկար: 2017 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հաղթել էր Լը Պենին՝ հավաքելով 66 տոկոսից ավելի ձայն:

Մարին Լը Պենը հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից եւ ժամանակին կողմ էր արտահայտվում Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս գալու օգտին: Այնուհետեւ սակայն փոքր ինչ փոխեց իր կարծիքը:

Եվրոպացիները նախօրեին ընտրում էին Ստրասբուրգում տեղակայված 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:

Գերմանիայում անցկացված ընտրություններում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 28 տոկոսից ավելի ձայն, ինչը, սակայն, այս կուսակցության ամենավատ ցուցանիշն է:

Այն, որ Մեծ Բրտանիայում տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ, պարզ դարձավ միայն այս տարվա ապրիլին, երբ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը չկարողացավ խորհրդարանում անցկացնել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները մինչև մարտի 29-ը՝ Brexit-ի համար սահմանված օրը, և ստիպված եղավ խնդրել երկարաձգել վերջնաժամկետը:

Բրիտանիան շարունակում է մնալ Եվրամիության անդամ մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն կարող է ավելի վաղ դուրս գալ միությունից, եթե, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից արդեն երեք անգամ մերժված համաձայնագիրը, այնուամենայնիվ, ընդունվի:

Եվրախոչհրդարանի ընտրություններն անցկացվել են ԵՄ անդամ 28 պետություններում: Այս ընտրություններում կանխատեսում էին աջ-պոպուլիստական ուժերի հաղթանակը, որոնք վերջին տարիներին ընդլայնել են իրենց ազդեցությունը Եվրամիության շատ երկրներում:

Այդ կուսակցությունները հաջողություն ունեցան, սակայն, ըստ էության, մեծամասնություն Եվրախորհրդարանում չեն կազմի, հայտնում է «Բի-բի-սի»-ն:

Այն երկրներում, որտեղ այդ կուսակցությունները իշխանություն ունեն, իսկ դրանք Իտալիան, Հունգարիան ու Լեհաստանն են, Եվրախորհրդարանի ընտրություններում զբաղեցրել են առաջին տեղը: Սակայն Ֆրանսիայում Լե Պենի կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը՝ առաջ անցնելով Մակրունի կուսակցությունից:

Հունաստանում առաջին տեղւ զբաղեցրեց «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ ստիպելով վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հայտարարել արտահերթ խորհրդարանկան ընտրությունների մասին:

Միեւնույն ժամանակ Նիդերլանդներում ու Դնիայում եվրասկեպտիկ ուղղության կուսակցությունները պարտվել են: Էստոնիայում ЭКРЕ կուսակցությունը չորրորդ տեղում է եւ ոչ մի պատգամավորական մանդատ չի ստանա: Իսպանիայում ու Պորտուգալիայում իշխող ձախ-կենտրոնամետ կուսակցությունները հաղթել են նաեւ եվրոպական ընտրություններում: Լիբերալ կուսակցությունները հաջողությամբ հանդես եկան Սլովակիայում:

Ավելին՝ armtimes.com 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել