Ցեմենտի ներմուծման համար 22000 դրամ պետական տուրք սահմանելու որևէ հիմք չկա |hetq.am|
12:41 - 17 ապրիլի, 2019

Ցեմենտի ներմուծման համար 22000 դրամ պետական տուրք սահմանելու որևէ հիմք չկա |hetq.am|

hetq.am: Մի քանի նկատառում կառավարության նախաձեռնած՝ ցեմենտի յուրաքանչյուր տոննայի ներմուծման համար 22 000 դրամ պետական տուրք սահմանելու օրենքի նախագծի վերաբերյալ:

Այս պահին շինարարություն եմ իրականացնում, տեղյակ եմ ցեմենտի գներից, կառավարության՝ վերոնշյալ նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկից հետո ինքս որոշակի հաշվարկներ արեցի ցեմենտի շուկայի վերաբերյալ:

Այսպես, ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի՝ Հայաստանում 2018 թ.-ին սպառվել է 730 000 տոննա ցեմենտ, որից 550 000 (75, 4 %)-ը՝ տեղական արտադրության, 180 000 (24.6 %)-ը՝ ներմուծված: Ըստ նրա՝ Իրանի հետ սահմանին ցեմենտի գինը 1 տոննայի համար 17-18 դոլար է, որը ռիսկային է տեղական արտադրողների արտադրական գործունեությունը շարունակելու համար:

Շուկայում «Արարատցեմենտ»-ի արտադրած Մ 400 մակնշման ցեմենտի վաճառքի գործարանային գինը 40 000 դրամ է: Թվում է՝  իրանական 8 200- 8 700 դրամանոց ցեմենտի հետ տեղական արտադրողները ինչպե՞ս կարող են մրցել: Տպավորություն է ստեղծվում նաև, որ այդ ներմուծողները, Մեղրիից Երևան ցեմենտ տեղափոխելով, ստանում են գերշահույթներ:

Դիտարկենք իրանական ցեմենտի գնագոյացումը:

Ըստ ներմուծողների և այդ ոլորտում իրացում իրականացնողների՝ ցեմենտը՝ կախված որակից, ձեռք են բերում «չեզոք գոտուց» ՝ մինչև ՀՀ սահման 10 000-12 000 դրամով՝ կախված արտադրող գործարանից և իրանական ռիալի կուրսից, որի վրա կիրառվում է մաքսատուրք 3 % ՝ սահմանված 200 դոլար՝ հսկիչ գնից, գումարած՝ 20 % ԱԱՀ, նույն այդ հսկիչ 200 դոլարից: Դրան գումարվում է տեղափոխման ծախսը, որը կազմում է 16-17 000  դրամ՝ 1 տոննայի համար:

Արդյունքում ստանում ենք 49000-52000 դրամ: Ըստ ներմուծողների՝  հիմնական իմաստը այս գործով զբաղվելու, սեփական ավտոպարկը աշխատանքի մեջ պահելն է: Ներմուծված ցեմենտը վաճառվում է 53 000-58 000 դրամով՝ կախված ծավալից ու որակից: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է 30 %  թանկ ապրանքը խնդիր առաջացնել տեղական արտադրողների հետագա գոյության և գործունեության համար՝ հաշվի առնելով «Արարատցեմենտ»-ի՝ շուկայում գերիշխող դիրքը՝  մոտ 70 %:

Նախորդ տարվա վերջին «Արարատցեմենտ» գործարանի տնօրենը հայտարարություն տարածեց, որ տնտեսական հեղափոխության առաջին քայլն իրենք են անում. ցեմենտի գինը 50 000 դրամից իջեցնում են 40 000 դրամ՝ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Երկու օր առաջ էլ հայտարարեց, որ դա արել են նոր գյուտի շնորհիվ, որը պատենտավորել են Մտավոր սեփականության գործակալությունում:
Ըստ գործարանի սեփականատիրոջ՝ ցեմենտի հիմնական բաղադրանյութի՝ կլինկերի 100 000 տոննա արտադրելու համար անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի գազ, 1,5, միլիոն դոլարի հոսանք, 1 350  աշխատողների աշխատավարձ:

Հիմնվելով  2018 թ.-ի խոշոր հարկ վճարողների ցանկի տվյալների վրա՝ «Արարատցեմենտ» գործարանի վճարած համախառն եկամտահարկը կազմել է 619,925 միլիոն դրամ, որը, միջինում աշխատավարձի 25 %-ն է: Հետևաբար, աշխատավարձը կազմել է մոտ 2,5 միլիարդ դրամ՝ ողջ տարվա համար:

Եթե հաշվի ենք առնում, որ 2018 թ.-ին արտադրվել է 550 000 տոննա ցեմենտ, ապա 1 տոննայի հաշվարկով աշխատավարձի ծախսը կազմել է մոտ 4 550 դրամ: Այսինքն՝ մեկ տոննա կլինկերի արտադրության համար տեղում ծախսվում է մոտ  26 300 դրամ: Ըստ Սեդրակ Առուստամյանի՝ Իրանում կլինկերի գինը 12 դոլար է:

Եթե դրա վրա կիրառենք ներմուծման համար սահմանված 19 700 դրամ գործող հսկիչ գնից հաշվարվող մաքսատուրքը՝ 3 %,  և ԱԱՀ՝ 20 %, ՀՀ տարածքում  ճանապարհածախսը՝ 16-17 000  դրամ, նույնիսկ չհաշվելով մինչև սահման տեղափոխման ծախսը՝ ստացվում է, որ ինքնարժեքը կազմում է 26500-27500 դրամ: Այսինքն, «Արարատցեմենտ»-ի համար որևէ տնտեսական հետաքրքրություն չպետք է լինի կլինկեր ներկրել: Եվ բիզնեսի տեսանկյունից հայտարարությունները, թե կլինկերը Իրանից կներկրենք, աշխատողներին կկրճատենք և ավելի մեծ շահույթ կստանանք, հիմնավորված չեն:

Մյուս կողմից՝ «Արարատցեմենտ»-ի սեփականատիրոջ և տնօրենի հայտարարությունները, թե միայն ներմուծվող պատրաստի ցեմենտի վրա պետական տուրք կիրառելը իրենց խնդիրը չի լուծում, այլ հարկավոր է կլինկերի վրա էլ նույն չափի տուրք կիրառել, անհասկանալի են, որովհետև 2018թ.-ին ներկրվել է ընդամենը 40 581, 8 տոննա կլինկեր, որից արտադրված ցեմենտը կարող է կազմել ընդհանուր սպառվածի 5 %-ը:

Հայաստանում մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո միայն մեկ քաղաքական ապրանք է մնացել՝ ցեմենտը, որի վրա ներմուծման ժամանակ բացառապես կիրառվում է հսկիչ գին՝ անկախ փաստաթղթերի օրինական և արժանահավատ լինելուց: Սակայն մաքսային մարմինները բեռն ուղեկցող փաստաթղթերը համարում են անարժանահավատ և կիրառում են նույնիսկ շուկայական ամենաբարձր գներից մոտ 70 % բարձր հսկիչ գին: Չի եղել գոնե մեկ դեպք, որ հսկիչ գին չկիրառվի: Սա, մեծ հաշվով, անօրինական գործողություն է:

Պետական տուրք մտցնելու այս նախագիծը եթե նպատակ ունի փոխարինել հսկիչ գին կիրառելու անօրինական պրակտիկային՝ շուկան պահելու է նույն լճացած վիճակում, որովհետև վերոնշյալ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ներկրվող ցեմենտը մաքսազերծվի գործարքի (ինվոյսային) գնով, տեղական արտադրանքի ինքնարժեքն, միևնույն է ավելի ցածր է: Նույնիսկ եթե հաշվի առնենք մի քանի րոպեում երեք անգամ մի շնչով թվարկած գազի, հոսանքի, աշխատավարձի ծախսերից բացի նաև կատարված այլ վարչական և ամորտիզացիոն ծախսերը, որոնց մասին որևէ ակնարկ չեղավ:

Եվ հենց պետության, տեղի գործարանի բոլոր աշխատողների, սպառողների շահերից է բխում, որ պետությունն արհեստական որևէ խոչընդոտ չստեղծի, շուկան լինի մրցակցային, ինչը կխթանի տեղական արտադրության զարգացմանը, գների իջեցմանը:
Ես շինարարություն իրականացնում էի նաև 2005-2006 թվականներին, երբ առանց որևէ հիմնավորման, առանց էներգակիրների գների տատանման, «Արարատցեմենտ»-ը 11 ամսում ցեմենտի գինը 23 000 դրամից բարձրացրեց 43 000-ի:

Ցեմենտի ինքնարժեքը 2017-18 թվականներին, անգամ ամենաշռայլ հաշվարկներով, չի գերազանցել 30 000 դրամը, իսկ վաճառվել է 50 000 դրամով: Այդ ձեռնարկության վճարած շահութահարկը այդ ժամանակահատվածում եղել է 497 000 դրամ՝ ըստ խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված տվյալների:

Կառավարության միջամտությունն անհրաժեշտ է՝ նախ՝ ցեմենտի յուրաքանչյուր տոննայի ներմուծման համար 22 000 դրամ պետական տուրք սահմանելու օրենքի՝ ոչինչ չտվող նախագիծը սառեցնելու, վերջ տալու ցեմենտի վրա հսկիչ գների անօրինական կիրառումը, ապա գործարանի կառավարիչներից բացատրություններ ստանալու շահութահարկի հաշվարկի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել