Վերջին հարցումներն են անցկացվել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ |ermenihaber.am|
07:26 - 08 հունիսի, 2019

Վերջին հարցումներն են անցկացվել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայում հարցումներ են իրականացվել՝ փորձելով պարզել, թե ինչ արդյունքներ են սպասվում հունիսի 23-ին կրկին անցկացվելիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։

Ինչպես հայտնի է՝ 2019թ․ մարտի 31-ին Թուրքիայում տեղի էին ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պահանջով միայն Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկվեցին և նոր ընտրություններ նշանակվեցին։

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար մրցակցությունը կրկին Էքրեմ Իմամօղլուի և իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի միջև է լինելու։ Որոշ հարցումների համաձայն՝ այս պահին Յըլդըրըմը որոշակիորեն առավելություն ունի ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ։

Յըլդըրըմի հավանական ընտրողները, ըստ ORC ընկերության անցկացրած հետազոտության, կազմում են 47 տոկոս, ինչը 0․3 տոկոսով ավելի է Իմամօղլուի պոտենցիալ ընտրողների թվից։ Հարցվածների 5․5 տոկոսը հայտնել է, որ դեռ չի կողմնորոշվել։

Մարտի 31-ին անցկացված ընտրություններում Իմամօղլուին ընտրած քաղաքացիների 96․7 տոկոսը հայտնել է, որ իր որոշումը չի փոխել, իսկ 3․3 տոկոսը նշել է, որ դեռ տատանվում է։

Բինալի Յըլդըրըմին ընտրած քաղաքացիների 97․4 տոկոսը ևս պնդել է, որ չի փոխել իր որոշումը, իսկ մյուսները հայտնել են, որ դեռ չեն կողմնորոշվել ընտրության հարցում։

Մյուս կողմից՝ Optimar և MAK հետազոտական ու խորհրդատվական ընկերությունների տվյալներով՝ այս պահին Էքրեմ Իմամօղլուն մի քանի տոկոս առավելություն ունի Յըլդըրըմի նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել