Վարչապետը չի մոլորեցրել. դիմակ արտադրող ընկերությունը Հայաստանում գործում է հինգ տարի |fip.am|
13:14 - 25 մարտի, 2020

Վարչապետը չի մոլորեցրել. դիմակ արտադրող ընկերությունը Հայաստանում գործում է հինգ տարի |fip.am|

fip.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր պաշտպանիչ բժշկական դիմակի լուսանկար` Made in Armenia (արտադրված է Հայաստանում) ուղեկցող գրառմամբ: 

Ֆեյսբուքի որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել դիմակի՝ Հայաստանում արտադրված լինելը՝ նշելով, որ այդ անունով (Salus) դիմակ արտադրող ընկերություն գործում է Հնդկաստանում։  

 

Այսպես, դիմակի վրա մակնշված SALUS անվան հետքերով գտանք «ՍԱԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 100 տոկոս սեփականատեր և տնօրեն Ժիրայր Մանդիլյանի հետ էլ զրուցեցինք դիմակների արտադրության և այլնի շուրջ։

Պարզվեց, որ իսկապես՝ ընկերությունը Հայաստանում զբաղվում է բժշկական դիմակների և բախիլների արտադրությամբ և գործում է ավելի քան 5 տարի։ Ընկերության տնօրենի խոսքով՝ տարօրինակ է, որ Հայաստանում 5 տարի գործունեություն ծավալող ընկերության մասին նոր են տեղեկանում և դրանից «այսպիսի աղմուկ է բարձրացել»։

Մանդիլյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե ընկերությունը հումքը ձեռք է բերում Հնդկաստանից։ «Սկզբնական շրջանում հումքը բերվում էր Չինաստանից, այժմ օգտագործում ենք ռուսական հումքը և մոտ ապագայում այնտեղից հնարավոր չի լինի ներմուծել, և ստիպված կլինենք նոր հումքի աղբյուր գտնել, որը, հավանաբար, կլինի Իրանը»,- հայտնեց Մանդիլյանը։

Գործարարը նաև տեղեկացրեց, որ շուկայում իրենց արտադրանքի ինքնարժեքի բարձր լինելու հետևանքով մինչև վերջերս ընկերությունը լուրջ ֆինանսական կորուստներ էր կրում և շուկայում «պարտվում» Չինաստանից ու Թուրքիայից ներմուծված դիմակներին։ «Արդեն մտածում էինք ընկերությունը փակելու և հաստոցը վաճառելու մասին», — ասաց Մանդիլյանը։ 

Եվ չնայած դժվարություններին՝ «Սալյուս» ընկերությունը մատակարարման պայմանագրեր է կնքել մի քանի հայտնի դեղատնային ցանցերի և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալֆա ֆարմը», «Ախուրյանի ծննդատունը» և այլն։

Fip.am-ի հետ զրույցում Մանդիլյանը նաև հայտնեց, որ Առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջ արտադրանքը տրամադրել նախարարությանը։

Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված բժշկական դիմակներն ավելի քան 5 տարի է արտադրվում են Հայաստանում, դիմակների արտադրության համար օգտագործվող հումքը բերվել է Չինաստանից և Ռուսաստանից, իսկ ընկերությունը որևէ կապ չունի Հնդկաստանի հետ։

Սևադա Ղազարյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել