Սա աննպատակ հարկային օրենսգիրք է, որը ստեղծված չէ զարգացում ապահովելու համար |lragir.am|
14:05 - 01 հուլիսի, 2019

Սա աննպատակ հարկային օրենսգիրք է, որը ստեղծված չէ զարգացում ապահովելու համար |lragir.am|

Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ։

Կառավարության որոշմամբ նվազագույն աշխատավարձը բարձրացվեց 55 հազար դրամից 68 հազար դրամի, որը վերաբերելու է 80 հազար քաղաքացիների։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը։ 

Այդ որոշումը սոցիալական քաղաքականության տեսանկյունից և արդարությանը ու հանրային համերաշխությանը միտված քաղաքականության իմ ցանկության տեսանկյունից դրական եմ վերաբերվում։ Մարդիկ հեղափոխությունից հետո ունեցել են սպասումներ, որ իրենց համար ակնթարթային փոփոխություններ պետք է լինեն, և այդ մարդկանց հնարավոր չէ և պետք չէ անընդհատ ասել, որ այ, ամեն ինչ միանգամից չի լինում, դուք պետք է երկար սպասեք մինչև ինչ-որ բան տեղից շարժվի, փոխվի, ամբողջ տնտեսությունը կզարգանա, նոր դուք արդյունքը կզգաք։

Այսպիսի քաղաքականությունը մարդկանց կարող է հիասթափեցնել։ Այս առումով ողջունում եմ կառավարության տվյալ որոշումը, առավելևս այդ որոշումը բյուջեի վրա աստղաբաշխական ազդեցություն չի ունենալու։

Երբ նայում ենք պետության կողմից ոչ կապիտալ ծախսեր իրականացնելու հնարավորությունը, ընդհանուր առմամբ, այս որոշումը թե հնարավորի սահմաններում է, թե արդարացվածի սահմաններում է։ Բայց երբ խոսում ենք կառավարությանը քննադատելու մասին, պետք է նկատել, որ այդ քննադատությունն ինքնանպատակ չէ։ Այն միտված է վատը լավը դարձնելուն և լավից շատ ավելի լավն ունենալուն։ Այս քաղաքականության մասով ևս կան վերապահումներ։

Այո, ՀՀ ծայրահեղ աղքատ քաղաքացիները, որոնք ունեն նվազագույն աշխատավարձին մոտ եկամուտներ, միանշանակ պետք է նաև կարողանան իրենց սոցիալական վիճակը բարելավել։ Ես դեռ մի կողմ եմ թողնում հարկային վարչարարության խնդիրներն այն մասով, որ ասենք, նվազագույն աշխատավարձի ներքո գտնվող քաղաքացիներ կան, որոնք իրականում նվազագույն չեն ստանում, այլ ավելի բարձր։ Դրանց կողքին կան նաև բյուջետային աշխատողներ, որոնք իսկապես վաստակում են նվազագույն աշխատավարձ։

Այս խնդիրը մի կողմ թողնելով, ես մի շատ ավելի կարևոր բան պետք է թիրախավորեմ։ Դա տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է. արդյոք մեր կառավարությունը կկարողանա իրականություն դարձնել հավելյալ արժեք ստեղծելու և արտահանմանը միտված քաղաքականություն վարելու մոտեցումները։

Կառավարությունը հռչակել է դա, բայց ես չգիտեմ՝ կկարողանա՞ իրականացնել դա, թե ոչ, որովհետև նայելով իրենց հարկային քաղաքականությունը, տնտեսական ուղերձները, այնտեղ անհամապատասխանություններ կան, ինչը մտահոգություն է առաջացնում։ Ինձ համար կարևոր է նաև տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, որովհետև եթե հիպոթետիկ մենք ասենք, որ այ շատ լավ կլիներ, որ մեր քաղաքացին 300 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստանար, ապա մեր տնտեսության կառուցվածքի, ներմուծման ու արտահանման հաշվեկշռի ներկա պայմաններում դա շատ վտանգավոր կլիներ։

Վտանգավոր կլիներ, որովհետև մենք այդ ծավալի ապրանք չենք արտադրում ու չենք արտահանում։ Եթե մենք մեր ազգային տնտեսության վրա և դրանից գեներացվող հարկային եկամուտների վրա այդպիսի մեծ բեռ դնենք, առանց տնտեսությունը բավականաչափ զարգացնելու` հնարավոր է մի օր ընդհանրապես աշխատավարձ տալ չկարողանանք։ Այս փուլում, իհարկե, 55 հազար դրամից 68 հազար դարձնելը շատ-շատ լավ է, բայց ավելի համար պետք է անել ավելին։ Իսկ դա ենթադրում է տնտեսական կառուցվածքի փոփոխություն։

Հարկային փոփոխությունների քննարկումների ընթացքում շատ նշվեց, որ այնտեղ հեղափոխական մոտեցումներ չկային, որ հարուստների եկամուտներն ավելացնելու միտում կար։ Որքանո՞վ եք կիսում այս մոտեցումները։

Հարկային օրենսգրքի հետ կապված ես բազմիցս արտահայտել եմ իմ և մեր կուսակցության մոտեցումները։ Հարկային օրենսգիրքը տրամագծորեն հակասում է հեղափոխության ժամանակ ձևավորված սպասումներին։ Այստեղ ես շատ կկարևորեի անկեղծ խոսակցությունը, մինչդեռ խոսակցությունն ընթանում է մանիպուլյատիվ դաշտում։

Նշում են՝ հիմա ո՞վ է աշխատավարձով հարստանում, որ դուք ասում եք՝ հարուստներին հարկային արտոնություն ենք տալիս։ Իհարկե, աշխատավարձով չեն հարստանում, աշխատավարձը սոցիալական արդարության կարևոր բաղադրիչ է, բայց միաժամանակ նաև շահութահարկն է իջեցվում, ընդ որում ոչ ռեզիդենտի համար դիվիդենտի հարկն էլ է իջեցվում։ Այս առումով, երբ մենք շահութահարկը փոքր չափով իջեցնում ենք ու դիվիդենտի հարկն ավելի շատ ենք իջեցնում, մարդը շահագրգռված է լինում այդ փողը բիզնեսից հանի, ոչ թե նոր ներդրում անի։

Այսինքն այս հարկային օրենսգիրքը ստեղծված չէ զարգացում ապահովելու համար, միաժամանակ առավելևս նախատեսված չի սոցիալական արդարություն ապահովելու համար։ Սա աննպատակ հարկային օրենսգիրք է, որքան էլ մեր գործընկերները ԱԺ ամբիոնից հայտարարեն, որ բոլորը սրան են սպասում։ Կյանքն իրականում այլ է։

Շարունակությունը՝ lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել