Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր |civilnet.am|
14:13 - 25 մարտի, 2020

Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արդյունաբերական ամենախոշոր ընկերությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետերերի նոր փոփոխություններ են կատարվել։ Սիվիլնեթը պարզել է, որ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին։ 

Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին հետաքննական հոդված էր հրապարակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ կոմբինատից Մաքսիմ Հակոբյանին և նրա որդիներին պատկանող բաժնեմասերն անցել էին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց։ ԶՊՄԿ-ի բաժնետերերի շղթայում գործում էր Walnort Finance Limited անունով ընկերությունը, որը կոմբինատի բաժնետերերի ցանկում հայտնվել էր 2018-ից։ Ընկերության միակ մասնակիցը շվեյցարացի Ժան Ժակ Լուի Փոլ Բաֆեն էր, որի մասին համացանցում տեղեկություններ առկա չէին, նա չէր պատասխանել ՍիվիլՆեթի հարցումներին, և հիմքեր կային կասկածելու, որ վերջինս պարզապես proxy person է՝ իրավաբանական ծառայություններ մատուցող ու ընկերություններ գրանցող անձ։ 

Նոյեմբերին, երբ կոմբինատը լրագրողական շրջայց և ասուլիս էր կազմակերպել, լրագրողներից մեկը ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Հայլին հարցրեց՝ արդյոք ճանաչում է Բաֆեին կամ շփվել է նրա հետ։ Հայլը բացասական պատասխան տվեց։ 

Կիպրական ընկերությունների ռեգիստրից ՍիվիլՆեթի ձեռք բերած փաստաթղթերից պարզ է դառնում, որ փետրվարի 3-ին Ժան Ժակ Բաֆեն ընկերության՝ Walnort Finance Limited-ի բաժնետոմսերն օտարել է ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Զուրաբովին, որը ներկայում տնօրինում է կոմբինատի 12,5 տոկոս բաժնեմասը։ Գործարքի ընթացքում Զուրաբովը հանդես է եկել որպես բիզնեսմեն։ 

 

 

Ո՞վ է Միխայիլ Զուրաբովը 

Միխայիլ Զուրաբովը Ռուսաստանի քաղաքական համակարգի հայտնի դեմքերից է։ 1998-1999 թվականներին նա եղել է ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի խորհրդականը՝ սոցիալական հարցերի գծով, ապա նշանակվել է կենսաթոշակային ֆոնդի ղեկավար։ Հայտնի է սոցիալական ոլորտում բարեփոխումների իր փորձերով։ 2004-ից Զուրաբովը դարձել է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարար, ապա եղել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդականը, իսկ հետագայում վերջինիս հրամանագրով նշանակվել Ուկրաինայում ՌԴ դեսպան` այդ պաշտոնում մնալով մինչ 2016-ը։ Ուկրաինայում ՌԴ դեսպանի պարտականությունները կատարելու ընթացքում էր, որ տեղի ուենցավ Մայդանը, սրվեցին ռուս-ուկրաինական հարաբերությունները։ 

Միխայիլ Զուրաբովի եղբայրը՝ Ալեքսանդր Զուրաբովը, եղել է «Աերոֆլոտի» գլխավոր տնօրենը, խոշոր մի շարք այլ ընկերությունների բաժնետեր է։ 

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել