Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ  |civilnet.am|
17:13 - 25 մարտի, 2020

Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդիրը լուծվել է. փոխվարչապետ |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանից Հայաստան հացահատիկային կուլտուրաների ներկրման խնդիր առաջացել էր, բայց այն այժմ լուծվել է: Այս մասին Ազգային ժողովում մարտի 25-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մարտի 20-ին ՌԴ կառավարությունը, պայմանավորված երկրում կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումներով, ժամանակավորապես արգելել է արտահանել բոլոր տեսակի հացահատիկային կուլտուրաների արտահանումը: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց կառավարությանը՝ արդյոք ԱԳՆ-ն ճշտել է, թե որքան կտևի արտահանման արգելքը, և ինչ ազդեցություն կունենա Հայաստանի «պարենային անվտանգության վրա»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ նշեց, որ նման խնդիր առաջացել էր, և այն քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում: «ԵԱՏՄ հարթակում նիստ է եղել․ և կա պայմանավորվածություն, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ տարածքում, այսինքն՝ մենք յուրաքանչյուրս մեր սահմանների համար արտահանման արգելքներ դնենք, որպեսզի չստացվի, որ նույն ապրանքը ԵԱՏՄ երկրի միջոցով գնում է երրորդ երկիր»,- ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանը նշեց՝ ապրիլի 3-ին վերջնական պայմանավորվածության կհասնեն, բայց այս պահին Ռուսաստանից Հայաստան հացահատաիկի ներկրման խնդիր չկա: Գրիգորյանը հավելեց, որ խնդիր կա առողջապահական սարքավորումների մասով, որը քնարկվում է: «Դրա վերաբերյալ այս պահին բան չեմ կարող ասել, քննարկում ենք: Խնդիրը շատ խիստ է դրված Ռուսաստանի Դաշնությունում, բայց կարծում ենք՝ ինչ-որ քվոտաների շուրջ կպայմանավորվենք»,- հույս հայտնեց նա:

Այնուհետև պատգամավոր Արմեն Եղիազարյանը հետաքրքրվեց՝ արդյոք պայմանավորված ներկա իրավիճակով՝ Հայաստանը նույնպե՞ս պետք է սահմանափակի ռազմավարական նշանակության սննդամթերքի արտահանումը: «Կարող է գալ ժամանակ, որ մենք ներքին սպասարկման խնդիր ունենանք, և սահմանափակված լինենք ներմուծումների առումով», - նշեց պատգամավորը:

Հարցը արտակարգ դրության պարետի լիրազորությունների դաշտում է, նշեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ պարետը բավարար լիազորությունններ ունի այն կարգավորելու համար: «Պետք է զգուշավոր ու բալասանվորված լինենք: Ներմուծան և արտահանման բալանսի խնդիրը գիտակցենցք: Այս հարցը հընթացս կկառավարվի: Այս պահին հաշվարկները ցույց են տալիս, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել