Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, հայտարարել է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում |armtimes.com|
08:26 - 09 նոյեմբերի, 2019

Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, հայտարարել է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում |armtimes.com|

armtimes.com։ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոն Ասանժը, հայտարարել է, որ որդին կարող է մահանալ բանտում՝ ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունները բացահայտելու համար 9 տարվա հետապնդումներից հետո, հայտնում է Daily Mail-ը:

Շիպտոնն ասել է, որ երկու օր առաջ տեսակցել է որդուն բրիտանական բանտում եւ առերեսվել դառը ճշմարտությանը. նրա պնդմամբ՝ որդուն վտանգ է սպառնում:

Շիպտոնը բրիտանական Բելմարշ բանտում որդու ազատազրկման պայմանները տանջալից էր անվանել: Նրա խոսքով՝ WikiLeaks-ի հիմնադիրը բանտում ֆիզիկական եւ հոգեբանական մեծ տառապանքների է ենթարկվում եւ կորցնում է քաշը: Օգոստոսին հոր հետ կայացած հանդիպման ժամանակ Ասանժը նյարդային է եղել եւ դողացել է:

2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետեւ ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատեւ ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել