armenpress.am: ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:
Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
Նա նախ նշեց, որ ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիարռումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Անասնաբուծության, թռնչաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը»,-ասաց Գաբրեիլյանը:
Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանըհետաքրքրվեց՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում որևէ կենդանական մսի մեջ հակաբիոտիկ չի՞ լինելու: Փոխնախարարն արձագանքեց՝ անասնաբուժության ոլորտում հիվանդության դեմ առանց հակաբիոտիկների պայքարը գործնականում անիրագործելի է: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ բուժման նպատակով, բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ: Այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի:
comment.count (0)