Պատգամավորը ժամանակավորապես դադարեցնում է իշխանության ներկայացուցչին վիրավորելը քրեականացնելու նախագծի շրջանառությունը |armtimes.com|
15:22 - 13 հունիսի, 2019

Պատգամավորը ժամանակավորապես դադարեցնում է իշխանության ներկայացուցչին վիրավորելը քրեականացնելու նախագծի շրջանառությունը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը շրջանառությունից ժամանակավորապես հանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին իր աղմուկ հանած նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: Այս մասին ասաց Խաչատրյանը։

Այս նախագծի շուրջ երեկվանից բուռն քննադատություններ են ծավավում, ընդհուպ՝ կարծիքներ են պտտվում, թե այսպես է դրվում դիկտատուրայի հիմքը։ Նման քննարկումների առիթն այն է, որ նախագծով առաջարկվում է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Նախագծով առաջարկվում է նաեւ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այսինքն՝ օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ` իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Խաչատրյանի կարծիքով՝ օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը:

Եւ քանի որ, ըստ պատգամավորի, բացի բռնությունից եւ դրա սպառնալիքից, հնարավոր են իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողություններ եւս, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն: Հաշվի առնելով, որ այսպիսի գործողություններն իրենցից ավելի բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան պարզապես օրինական պահանջին չենթարկվելը, առաջարկվում է այդ գործողությունների համար էլ սահմանել քրեական պատասխանատվություն:

Արմեն Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ հանրության որոշակի հատված սխալ է հասկացել նախագծի էությունը եւ մարդկանց հունից հանել է «իշխանության ներկայացուցիչ» բառը։

Պատգամավորը հստակեցրեց, որ նախագիծը վերաբերում է միայն ծառայողական պարտականությունները կատարողներին հրապարակայնորեն եւ հասցեագրված վիրավորելուն։ Խոսքը իշխանության այն ներկայացուցիչների մասին է, որոնց կարգադրիչ լիազորությունները բացի իրենց ենթականերից տարածվում են նաեւ երրորդ անձանց վրա՝ գործադիրի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, ՃՈ, հարկային ծառայողներ, անվտանգության ծառայողներ եւ այլք:

«Հիմա ես հարց եմ տալիս․ կարելի՞ է արդյոք վիրավորել այն պաշտոնյային, որն իր ծառայողական պարտականություններն է կատարում, կարելի՞ է արդյոք խոչընդոտել նրա պարտականությունների կատարումը։ Այստեղ բոլորը կարդացել են իշխանության ներկայացուցիչ, եւ այդ իշխանություն բառն է հուներից հանում, սակայն այսօր ունենք ոստիկան, որին պատվիրակել ենք մեզ պաշտպանելու, մեր իրավունքները պաշտպանելու, եթե տվել ենք այդ լիազորությունը, ինչո՞ւ նրան չպիտի պաշտպանենք նաեւ այդ լիազորությույնները կատարելու ընթացքում»,-պարզաբանեց պատգամավորը՝ նշելով, որ կյանքում հակաիրավական նմանատիպ արարքներն օրեցօր ավելանում են․

«Դա պայմանավորված չէ վերջին մեկ տարով, կամ երկու տարով, դա երկար պատմություն է։ Ի վերջո մի քանի տարիների ընթացքում այդ հակաօրինական արարքները շատանում են, ավելանում են, օրենքի առումով մենք համապատասխան կարգավորումներ չունենք։ Ցանկացած արարք, որը հանրային վտանգավորություն է ներկայացնում, պետք է ունենա համապատասխան իրավակարգավորումներ՝ այդ արարքները զսպելու եւ գնահատականներ տալու։ Սակայն մենք նման իրավակարգավորումներ չունենք, ինչը անբարենպաստ իրավիճակ է ստեղծում ընդհանրապես պետական կառավարման համար»։

շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել