Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|
17:43 - 28 ապրիլի, 2020

Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծով խորհրդարանի կարևոր լիազորություն է չարդարացված կերպով կրճատվում: Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Բաբաջանյանը նկատեց, որ օրինագծի քաղաքական բաղադրիչն առնչվում է խորհրդարանի լիազորություններին: «Առաջարկվող նախագծով, ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Կառավարության դրդապատճառներն էլ հասկանալի են, գործադիրն այս լիազորությամբ ցանկանում է ավելի ճկուն և օպերատիվ գործելու հնարավորություն ստանալ: Դա կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում, սակայն դա ԱԺ-ին վերահսկողական գործառույթից զրկելու բավականին անհամոզիչ և թույլ հիմնավորում է»,-ասաց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ վերահաստատելով, որ առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում ԱԺ-ի իրավասությունների նկատմամբ և չի էլ կարող արվել: «Խոսքն ընդամենը կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանն է վերաբերվում՝ որոշակի սահամանափակման պայմաններում: Բայց նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է ԱԺ-ի կողմից ընդունված և գործող օրենքներով, քանի որ դրանց հիման վրա է ձևավորված բյուջեի մասին օրենքը: Եվ մտածել,որ եթե վերաբաշխման համար տրված է որոշակի ազատություն, դա նշանամում է, որ վերջ, կարծում եմ, որ առնվազն չափազանցված է»,-նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել