Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատող Գ. Համբարձումյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը |armtimes.com|
07:17 - 03 նոյեմբերի, 2019

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատող Գ. Համբարձումյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու ազատման հրամանը |armtimes.com|

armtimes.com:  ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի եւ բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը:

Հայցադիմումը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի 30-ին:


Հիշեցնենք, որ ուռուցքաբանության կենտրոնի բուժաշխատող Գագիկ Համբարձումյանին տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը շաբաթներ առաջ ազատել էր աշխատանքից՝ քաղաքացիներից մեկի բողոք-դիմումի պատճառով: Ըստ այդ դիմումի, Համբարձումյանը ապօրինի 400.000 դրամ էր վերցրել պացիենտի հարազատներից: Դիմումը ղեկավարությանը ներկայացվելուց հետո Համբարձումյանը գումարը վերադարձրել էր:

Բժշկին աշխատանքից ազատելուց հետո ուռուցքաբանության ազգային կենտրոնում տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Գագիկ Համբարձումյանի որդին՝ Վահագն Համբարձումյանը, որը եւս այդ կենտրոնի աշխատակիցներից է, տնօրենի պաշտնոկատարից հաշիվ էր պահանջել՝ հորն աշխատանքից ազատելու համար: Նա հայհոյանքներ էր ուղղել Մանուկյանի հասցեին, փորձել հարվածել նրան, ինչը վերաճել էր կռվի:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել էր ոստիկանություն:

«Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»,- կատարվածին արձագանքել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ Գագիկ Համբարձումյանն ազատվել է աշխատանքից տնօրենի իրավաչափ որոշմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել