Շենքային պայմանների պատճառով աշակերտները Հայանիստի դպրոցից տեղափոխվում են |hetq.am|
07:07 - 20 մայիսի, 2019

Շենքային պայմանների պատճառով աշակերտները Հայանիստի դպրոցից տեղափոխվում են |hetq.am|

hetq.am։ Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1971թ. և դրանից հետո ընդհանրապես կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Տանիքը, պատուհաններն ու դռները փոխված են, սակայն ներսում վիճակն անբարեկարգ է:

Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանի ասելով՝ «կոսմետիկ» փոքր վերանորոգումներ եղել են, օրինակ՝ մուտք, միջանցքի հատված և այլն, սակայն դրանից ընդհանուր վիճակը չի փոխվում:

«Դասարաններում առաստաղն արդեն ճաքել է, պատերից՝ հեռվացել: Հատակը փայտից է, անգամ քայլելիս և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները պետք է անցքերի միջով զգույշ անցնեն: Պատերը նույնպես ճաքել են: Իմ տնօրինության 1.5 տարիների ընթացքում փորձել ենք դպրոցի միջոցներով ինչ-որ բաներ անել, որ երեխաներին հաճելի լինի, բայց պայմանները շատ անբավարար, անմխիթար են»,- ասում է Արմինե Ավետիսյանը:

Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենը գրություններով դիմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, արտակարգ իրավիճակների նախարարին: Ըստ նրա՝ եկել, տեսել են, տվել են եզրակացություն՝ վթարայնության 3 աստիճան:

Դպրոցը ներառված է 46 դպրոցների ցանկում, որոնք պետք է վերակառուցվեն կամ դրանց փոխարեն կառուցվեն նորերը: Նախնական խոսակցությունների համաձայն՝ վերանորոգման կամ կառուցման աշխատանքները կսկսվեն 2020թ-ից: Փորձաքննություն անցկացնելուց հետո միայն պարզ կլինի, թե ինչ աշխատանքներ են կատարվելու:

Դպրոցում շրջելով նկատեցինք, որ պատերի ճաքերից դուրսը երևում է:
«Իմ կարծիքով քանդել նորը կառուցելն է ճիշտը, քանի որ պատերից աղեր են դուրս գալիս: Շատ խոնավ դպրոց է, բոլոր վերանորոգված հատվածներում ծեփը ուռում, թափվում է:

Դուք էլ եք զգում խոնավության հոտը, որը ոչ մեկին հաճելի չէ: Թող իրենք որոշեն, որն էլ անեն շատ ուրախ կլինենք, քանի որ մեծ հույսով սպասում ենք, որ մի օր մենք էլ նորմալ դպրոց կունենանք»,- ասում է Արմինե Ավետիսյանը:

Այն դասասենյակներում, որտեղ դաս է անցկացվում դռներն ու պատուհանները փոխվել են: Բայց տնօրենն ասում է՝ դուռ ու պատուհան փոխելով՝ չեն կարող նորմալ պայմաններ և կրթական պատշաճ որակ ապահովել:

«Ինչքան էլ ուզում ես երեխային գիտելիք տալ, միևնույն է չունես բավարար պայման: Օրինակ, դրսում ամպամած է, դասասենյակներում լույս չկա, կիսամթի մեջ դաս է անցկացվում: Կան միայն մի քանի վարդակներ, որոնք նախատեսված են ջեռուցման կամ նմանատիպ այլ բաների համար:

Բացի այդ, դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկների օգնությամբ, լոկալ ջեռուցում չունենք: Միջանցքներում այնքան ցուրտ է լինում, ոնց որ դրսում լինենք»,- նշում է Արմինե Ավետիսյանը:

Տնօրենի խոսքերով՝ այժմ չեն էլ ցանկանում դպրոցի վրա ծախսեր կատարել, քանի որ դրանք այլևս նպատակահարմար չեն, անիմաստ գումար են կորցնելու: Միայն կապիտալ վերանորոգման կամ նոր դպրոց կառուցելու դեպքում ծախսերը կլինեն արդարացված:
Խնդիրներ են առաջանում նաև սանհանգույցներում:

Պարզվում է՝ զուգարանները «էկո» են, որտեղ ընդհանրապես ջուր չի օգտագործվում: Արմինե Ավետիսյանի փոխանցմամբ՝ հատկապես ամռան ամիսներին ամբողջ բույրը տարածվում է դպրոցում:

«350 հոգանոց դպրոցում «Էկո» զուգարան է գործում՝ մեկը աղջիկների, մեկը տղաների համար, քիչ է, սարսափելի վիճակ է: Ուսուցիչներն ու աշակերտները նույն զուգարանից են օգտվում: Դպրոցի զուգարանը եղել է դրսում: Ամերիկացի բարեգործների շնորհիվ կառուցվել է զուգարան, իրենք էլ որոշել են, որ պետք է «էկո» լինի»,- հավելում է տնօրենը:

Ավելին՝ hetq.am։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել