Նիկոլ Փաշինյանի թերի ներկայացրած փաստը՝ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ
15:33 - 18 սեպտեմբերի, 2019

Նիկոլ Փաշինյանի թերի ներկայացրած փաստը՝ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ

Օրեր առաջ՝ ապրիլի 16-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Փաշինյանն իր ասուլը սկսեց «նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակմամբ»։

Վերոնշյալ փաստերից մեկում Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Կառավարությունը հաստատել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում: Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում՝ 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն։ 58 բնակավայրում կիրականացվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, 42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, 53 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր։24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»:

Նախ ներկայացնենք, թե 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսված սուբվենցիոն ծախսերից, որքանն են կատարվել։

 

Ինչպես տեսնում ենք, 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին սուբվենցոն ծախսերը կազմել են 2 մլրդ 626 մլն 272 հզ դրամ։ Թերակատարվել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ սուբվենցիաների գծով ծախսերը՝ համապատասխանաբար 36 և 66 տոկոսներով։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ պետության համար կապիտալ ծախսերն ավելի կարևոր են ընթացիկներից, քանի որ հիմնական միջոցների հետ է կապված, այլ ոչ՝ ընթացիկ ակտիվների։

2019 թվականի հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ցույց է տալիս, որ ունեցել ենք 121․9 միլիարդ դրամի պետական բյուջեի հավելուրդ։

Ըստ վերոնշյալի՝ մենք դեռևս օգոստոսին Ֆինանսների նախարարություն հարցում էինք ուղարկել, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղություններով է նախատեսվել ծախսել 121․9 միլիարդ դրամ հավելուրդը։ Օգոստոսի 26-ին մեր հաարցմանը ստացված պատասխանով պարզ դարձավ, որ նշված հավելուրդի օգտագործման ուղղություններից մեկը համայնքային ծրագրերի իրականացման համար սուբվենցիաներն են։

121․9 միլիարդ դրամ պետական բյուջեի հավելուրդից համայնքային սուբվենցիաներին է ուղղվել 10 միլիարդ դրամ։ Հարցման պատասխանը ստորև․

Ընդ որում, ինչպես տեսնում ենք այդ 10 միլիարդը տրամադրվել է որպես դեպոզիտ՝ սուբվենցիոն ծրագրերի համար և դրա շրջանակներում ընդամենը  403 մլն դրամ գումարի հատկացման ՀՀ կառավարության որոշման նախագիծ է քննարկման ներկայացվել։

Պարզելու համար, թե ինչ սուբվենցիոն  ծրագրեր են ներկայացվել և հավանության արժանացել՝ հարցում ուղարկեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից սեպտեմբերի 10-ին ստացանք պատասխան, որը ներկայացնում ենք ստորև․

Պատասխանից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների սուբվենցիայի ծրագրով պետական բյուջեից համաֆինանսավորում չի իրականացվել։ Չնայած նրան, որ շուրջ 483 ծրագրեր հավանության են արժանացել, այնուամենայնիվ դեռևս ֆինանսավորում չի իրականացվել, քանի որ դեռևս գնման գործընթացներ պետք է իրականացվեն։

Այսպիսով, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը փաստ է ներկայացրել դեռևս ավարտին չհասած և նախնական փուլում գտնվող գործընթացների մասին։ Պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով հատկացվել է ոչ թե 12․9 միլիարդ, այլ՝ 10 միլիարդ, այն էլ պետական բյուջեի հավելուրդի հաշվին, սակայն սա դեպոզիտ պահված գումար է և նշվածից միայն 403 մլն դրամի նախագիծն է դեռևս քննարկման ներկայացվել։ Հետևաբար,խոսել փաստերի և ձեռբերումների մասին առանց կոնկրետ  սուբվենցիոն ծրագրերի համար վճարված գումարների և ծրագրի փաստացի հաջող ավարտի,  մանիպուլյատիվ է։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել