Մեր խնդիրն է օրական հաստատվող դեպքերի թիվն իջեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը․ Արսեն Թորոսյան
15:16 - 26 մարտի, 2020

Մեր խնդիրն է օրական հաստատվող դեպքերի թիվն իջեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան, նրանք իրենց լավ են զգում, որևէ ախտանշան չունեն։

Նախարարի խոսքով՝ երբ նշվում է որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, խոսքը այդ տարիքային խմբի առողջ մարդանց մասին է։

«Եթե կա, օրինակ, իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ մենք իմունոդեֆիցիտ ենք արհեստականորեն առաջացնում որևէ անձի, այդ թվում՝ երեխայի մոտ, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի։ Մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, օրինակ, քիմիաթերապիտա ստացող երեխաներին պաշտպանելու համար»,- նշեց նա։

Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե անգամ մարդը խոցելի չէ, և վարակվելու դեպքում նրա մոտ բարդությունների առաջացումը քիչ հավանական է, նա պետք է սահմանափակի շփումները և պահպանի կանոնները՝ այլ մարդկանց վարակվելու պատճառ չդառնալու համար։

Անդրադառնալով բուժաշխատողներին՝ նախարարը նշեց, որ նրանց համար ապահովվում են բոլոր պայմանները, իսկ արդեն 50 բուժաշխատողի վերապատրաստել են հերթափոխ իրականացնելու համար։ 

«Երևանի օրթոպեդիայի ինստիտուտում, որտեղ մեր  արդեն 70-ից ավելի քաղաքացի բժշկական վերահսկողության տակ է, օրթոպեդ-տրավմատոլոգներին ենք վերապատրաստել, որ նրանք հսկողություն իրականացնեն։ Իհարկե, նրանց հետ կա նաև ինֆեկցիոն մասնագետ, և կլինի նաև վերակենդանացման բժիշկ։ Պարզ դեպքերին վերահսկելու համար բազային բժշկական կրթությունն ամբողջությամբ բավարար է։ Փորձում ենք մոբիլիզացնել ամբողջ բժշկական կադրային ներուժը, բավական կամավոր բժիշկներ էլ ունենք, որ իրենք են համաձայնել վերապատրաստվել և իրենց մյուս գործընկերներին օգնել»,- ասաց նախարարը։

Խոսելով վարակված բուժաշխատողների՝ նա նշեց․

«Վարակված բուժքրոջ վիճակը լավ է։ Ունենք վարակված ևս մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ։ Դա անխուսափելի է, մենք ինչքան էլ փորձում ենք պաշտպանել նրանց, միևնույն է, նրանք շատ են շփվում բուն վարակված անձանց հետ։ Մեր խնդիրն է նրանց առնվազն գոնե շուտ հայտնաբերել և մեկուսացնել։ Մեր այս 3 բուժաշխատողները մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ շուտով կլինի Հայաստանի քարտեզ, որում նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են դեպքեր։

«Որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցմամբ, այսինքն՝ Հայաստանում եղած վարակակրից, որոշ դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ մեր քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից։ Կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է։ Դեպքեր ունենք, երբ այն հստակ պարզ է, և մենք չենք շարունակում համաճարակաբանական հետաքննությունը։ Դեպքեր կան, որ մենք շարունակում ենք՝ անընդհատ պարզելով նոր կոնտակտներ։ Հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում և չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին։ Իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է։ Որոշ մարզերում, օրինակ՝ Կոտայքում,  շարուկակվում է դեպքերի արձանագրումը։ Երբ իմ նշած քարտեզը սարքենք, դուք կտեսնեք, թե որ բնակավայրերում են ավելի շատ հաստատված դեպքեր։ Սյունիքում, Շիրակում, Լոռիում վարակվելու դեպքերը հատուկենտ են, ամենաշատը կան Արմավիրում, Արարատում, Երևանում և Կոտայքում։ Վայոց ձորում ու Գեղարքունիքում, կարծես թե, դեռ չունենք հաստատված դեպքեր»,- ասաց նա։

Անդրադառնալով Էրեբունու և Չարենցավանի արտադրամասերի վարակվածներին՝ նախարաը նշեց, որ չի կարող պնդել, թե անխտիր բոլոր կոնկակտները բացահայտված են, և ամեն ինչ վերահսկվում է։

«Մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել այդ 2 արտադրամասերի շփումներից։ Համաճարակաբանական հետաքննությունը հաճախ շատ երկար է տևում, և մենք չենք դադարեցնում այն, քանի դեռ ունենք կասկած, որ չի ավարտվել, և ունենք ռեսուսր այդ մարդկանց գտնելու և պահելու։ Հնարավոր է՝ գա մի պահ, որ վերջնական հիվանդին մենք չկարողանանքւ գտնել, մենք պարզապես փորձելու ենք գտնել բոլոր սիմպտոմ ունեցող մարդկանց»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ վարակվելու դեպքերի թիվը շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր։

«Մեր խնդիրն է օրական հաստատվող դեպքերի թիվն իջեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը։ Այս խնդիրը դրված է աշխարհի բոլոր պետությունների և առողջապահական համակարգերի առաջ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել