«Մենք դուրս կգանք Սիրիայից միայն մյուս պետությունների դուրս գալուց հետո». Էրդողան |tert.am|
10:23 - 09 նոյեմբերի, 2019

«Մենք դուրս կգանք Սիրիայից միայն մյուս պետությունների դուրս գալուց հետո». Էրդողան |tert.am|

tert.am:   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ այնտեղ են գտնվում այլ պետությունների զորքերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան դուրս չի գա Սիրիայից, քանի դեռ այնտեղ կան «ահաբեկիչներ», իսկ Սիրիայում Թուրքիայի գործողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ երկու երկրներն ունեն 911 կմ ընդհանուր սահման:

«Մենք դուրս կգանք միայն այլ պետություններից հետո: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իրանը Սիրիայի հետ ընդհանուր սահման չունեն»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է նաև, որ Թուրքիան ընդունում և աջակցում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը:

Էրդողանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները չկատարելու և «Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ջոկատներին», որոնց Թուրքիան անվանում է ահաբեկիչներ, տարածաշրջանից դուրս բերելու գործում չաջակցելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պարեկային հերթապահություն է անցկացնում քուրդ զինյալների հետ Ռաս էլ Այն և Ղամիշլի քաղաքների միջև ընկած տարածքում: Սակայն Ռուսաստանը պայմանավորվածությունները կատարում է, և ռուս-թուրքական պարեկային հերթապահությունը Սիրիայի հյուսիսում շարունակվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ էր հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել