Մեկը ես դեմ եմ քվեարկելու. կարծիքներ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնելու նախագծի մասին
08:59 - 13 հունիսի, 2019

Մեկը ես դեմ եմ քվեարկելու. կարծիքներ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնելու նախագծի մասին

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Պատգամավորը մասնավորապես առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա պատգամավորի նախաձեռնությունն է և խմբակցությունը դեռ հավանություն չի տվել այդ օրենքի նախագծին։

«Մենք դեռ քննարկում ենք այդ հարցը։ Ես չէի ուզի հրապարակային խոսքով քննադատել իմ գործընկերոջը, բայց այդ քննադատությունները կան։ Մեկը ես դեմ եմ քվեարկելու, այսինքն այդ օրենքին բավականին լուրջ դիմադրում ենք, որովհետև չի կարող լինել այդպես։ Ու, որ ասում են, թե խմբակցությունն է որոշել, ապա դա այդպես չի։ Պատգամավորները ներկայացնում են իրենց կարծիքները, և հետո մենք քննարկում ենք։ Այնպես որ պետք չէ այդպես միանշանակ ընդունել»,- ասաց Սոս Ավետիսյանը։

Անդրադառնալով նույն թեմային՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ասաց, որ եթե անգամ խմբակցությունը չի հեղինակել այդ օրինագիծը, միևնույնն է՝ էական բան չի փոխվում, որովհետև պատգամավորն «Իմ Քայլը» խմբակցության անդամ է։

«Շատ հիասթափեցնող կլինի, եթե պարզվի, որ իր թիմի հավանությունն ունի։ Մարդ պետք է բարոյականություն ունենա և հեղափոխության կողմից ստացած մանդատը չօգտագործի հեղափոխության գործիքների դեմ։ Մեկ տարի է, երբ հարցնում ես, թե ինչու մի խելքը գլխին օրենք չեք բերում, ասում են նստաշրջանը կարճ է, չենք հասցնում և այլն։ Բա ուղեղները տենց բաների վրա է աշխատում, դրա համար էլ չեն անում»։

Միքայել Նահապետյանը նաև ավելացրեց, որ եթե այդ օրենսդրական նախաձեռնությունը ոչ մի աջակցություն չստանա, ապա պատգամավոր Արմեն Խաչատրյանը առնվազն պետք է թողնի և գնա տուն։

«Իրենց քաղաքական թիմի ռեֆորմները նայելիս ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե իրենք եկել նստել են իշխանության սեղաններին, դարակները բացել են, տեսել են մեջն ինչ է մնացել, որ Սերժ Սարգսյանը չի արել, ասել են այ հիմա մենք լեգիտիմ ենք, կարող ենք դա անել։ Այսինքն՝ այս մարդիկ գնում են Սերժ Սարգսյանի կառավարության չիրականացած երազանքները բերում են ռեֆորմի տակ մեր վրա տարածում»,- ասաց Միքայել Նահապետյանը։

 «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ դատարանների նկատմամբ անվստահություն է հատնած և ոչ թե պետք է նախկին ռեժիմի համակարգի շրջանակներում ինչ-որ լոկալ օրինագծեր մշակել, փոփոխել կամ ավելացնել, այլ հեղափոխությունը իր ավարտին հասցնել՝ երկրում սահմանադրական վիճակ ստեղծելով։

«Եթե մենք պետք է ինչ-որ օրենքով ինչ-որ քաղաքացու պատասխանատվության կանչենք, ապա ատյանը, որը պետք է դա կիրառի քաղաքացու նկատմամբ, դատարանն է։ Սակայն միայն էն, որ վարչապետի մակարդակով նշվում է, որ դատաիրավական համակարգը չունի հանրային վստահություն և լեգիտիմություն, ապա էլ ինչ իմաստ ունի որևէ օրենսդրական նախաձեռնություն մշակելը, երբ այդ օրենքով պատասխանատու ենթարկող վերջին ատյանը հանրության մոտ վստահություն չի վայելում, իշխանության մոտ վստահություն չի վայելում։ Փոխարենը կարող ենք ասել, որ նոր բռնության գործիք ենք տալիս պետության ձեռքը, որի կիրառումը շատ կասկածելի է լինելու։ Վարչապետը ասում է՝ դատական համակարգը անվստահելի է, իսկ ԱԺ պատգամավորը ասում է եկեք էս դատավորի հայեցողությանը թողենք ևս մեկ որոշում, որը կապված է քաղաքացիների գործողությունների հետ։ Անտրամաբանական է չէ՞ հանցագործին մեկ փամփուշտ ավել տալը, քանի դեռ չենք զինաթափել նրան և զենքը չենք տվել արդար մեկին»,- ասաց նա։

 

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել