Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները |armenpress.am|
12:23 - 16 հուլիսի, 2019

Ճանապարհների կահավորում, բալային համակարգ. ներկայացվեցին վարչապետի մոտ քննարկման մանրամասները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ քննարկումն անցել է բավական արդյունավետ: Կառավարության քննարկմանը մասնակցած ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը, «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանը ասուլիսում ամփոփեցին հանդիպման արդյունքները:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով, որոշվել է, որ ՀՀ վարչապետին կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ, քննարկումներին, բացի պատկան մարմիններից, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ մասնակից կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Բավական անկաշկանդ մթնոլորտում անցավ հանդիպումը, մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկությունները, դիտողություննեը, պատկան մարմինների թերացումները: Հույս ունեմ, որ նման հանդիպումների ժամանակ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ և ռազմավարություն։ Բաժանենք ժամանակագրության, սահմանենք, թե ով է պատասխանատու, որ արդյունավետ լինի», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը մանրամասնեց կառավարության բարեփոխումները՝ առանձնացնելով բալային համակարգը, ըստ որի, խախտումների հաճախակիությունը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկելուն: Հաջորդ բարեփոխումը ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության լուծարումն է, որից հետո կստեղծվի մեկ միասնական համակարգ: Դա հնարավորություն կտա ավելացնել շրջիկ մեքենաների թվաքանակը, ինչը կհանգեցնի վարորդների զգոնության բարձրացմանը:

«Մյուս բարեփոխումը ես պայմանականորեն անվանել եմ հանրային վերահսկողության գործիք: Այսինքն՝ քաղաքացիները չպետք է անտարբեր լինեն, եթե տեսնում են խախտում անողին, ապա իրենք էլ կարող են մասնակից լինել ճանապարհային անվտանգության կազմակերպման գործընթացին »,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Պողոս Շահինյանը նշեց, որ վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը բոլորը համակարծիք էին, որ ոլորտում պետք են լուրջ փոփոխություններ: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ միաժամանակ անդրադարձ կատարելով բոլոր խնդիրներին:

«Կարծես, ամբողջ հասարակությունով ընկել ենք վարորդների ետևից, բայց չպետք է մոռանալ, որ վարորդը ճանապարհային երթևեկությունից օգտվողներից է: Բայց չէ՞ որ հետիոտնը նույնպես օգտվողներից է: Վարորդներն էլ բողոքում են հետիոտնից, ով որտեղից պատահի փողոցը հատում է: Մյուս կողմից՝ կա ճանապարհների կահավորման խնդիր: Հիմա մենք առաջարկում ենք համալիր մոտեցում:

Այսինքն՝ մի կողմից լրջագույն աշխատանք տարվի թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, մյուս կողմից՛ փողոցներն այնպես կահավորվեն, որ հնարավորինս խուսափենք վթարներից ու զոհերից»,-ասաց Պողոս Շահինյանը: Նա ընդգծեց, որ միայն համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել:

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանն էլ անդրադարձավ ոստիկանության աշխատանքներին: Նա նշեց, որ այստեղ կարևոր է, որ ոստիկանությունն ակտիվ լինի:

«Քննարկմանը բարձրացրեցինք այդ հարցը և նշեցինք, որ պետք է ոստիկանը մոտիվացվի։ Քանի որ համակարգային կոռուպցիա չկա, հիմա իրենց գումարը քչացել է, ստացվում է, որ մնում է աշխատավարձը, ինչը շատ քիչ է: Հետևաբար, մոտիվացիա չկա: Մենք առաջարկեցինք մշակել ոստիկանությանը մոտիվացնելու մեխանիզմ »,-ասաց Լևոն Հարությունյանը:

Հաջորդ հարցը, որին բանախոսներն անդրադարձան, ճանապարհային երթևեկության վերաբերյալ դպրոցներում կրթական ծրագիր իրականացնելն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել