Հաշտեցման գործընթացը տեսնում եմ ինչպես «երկու֊երկու», այսինքն՝ երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը․ Միքայել Նահապետյան
12:11 - 24 մայիսի, 2019

Հաշտեցման գործընթացը տեսնում եմ ինչպես «երկու֊երկու», այսինքն՝ երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը․ Միքայել Նահապետյան

Հաշտեցմանը այլընտրանք չկա, որովհետև հաշտվելու այլընտրանքը օլիգարխների կողմից լինելու է անընդհատ սեփականության համար վախով, ազատության համար վախով ապրելը, իսկ հանրության համար հակահեղափոխության վախով, պետական հեղաշրջման վախով ապրելը։ Այս մասին իր ելույթում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Հայաստանում հանրային համերաշխություն հաստատելու այս օրակարգի քննարկման համատեքստում ուզում եմ անդրադառնալ ապօրինի կուտակված սեփականության թեմայի շուրջ եղած թշնամանքին ու դրա հաղթահարման մեր տեսլականին։ Մեզ բոլորիս հայտնի հանգամանքներում անկախացումից ի վեր տարբեր մարդիկ սկսել են կապիտալ կուտակել և երբեմն դա արել են շատ ծանր պայմաններում՝ համատարած սովի մեջ, արյունալի ապօրինություններով, զենքով, զոռով, և քանի որ ապօրինի կուտակված սեփականությունը այլ կերպ հնարավոր չէր երաշխավորել, քան իշխանական լծակներ ունենալը, նրանք մտել են գործադիր մարմիններ, մտել են Ազգային ժողով, ստեղծել են կուսակցություններ»,- ասաց նա։

Նահապետյանի խոսքերով՝ այդ մարդիկ հետևողականորեն վերացրել են ընտրական մեխանիզմները որպեսզի իրենց որևէ մեկը չփոխարինի, նրանք վերացրել են դատական համակարգը, որպեսզի իրենց որևէ մեկը չդատապարտի։ «Եվ սա ամբողջովին տրամաբանական է այն համատեքստում, թե ինչ պայմաններում են նրանք այդ սեփականությունը կուտակել։ Այս առումով չափազանց էական է հաշտեցման գործընթացը, որովհետև էս խավին է, որ հանրությունը ասում է օլիգարխիա և նրանք է, որ հիմա հանրային թշնամության հիմնական օբյեկտն են հանդիսանում»,- նշեց նա։

Միքայել Նահապետյանը հաշտեցման գործընթացը տեսնում է ինչպես «երկու֊երկու», այսինքն՝ երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը։ «Ի՞նչ է պետք օլիգարխներին։ Պետք է, որ իրենց սեփականությունը ճանաչվի և պետք են ազատության երաշխիքներ, այսինքն որ չդատապարտվեն։ Ի՞նչ է պետք հանրությանը։ Պետք է, որ փոխհատուցում ստանան․ և պետք է այդ մարդիկ այլևս պետական պաշտոններ չզբաղեցնեն։ Ահա այն բանաձևը, թե ով ում ինչ պետք է զիջի՝ փոխհատուցման դիմաց համաներում և քաղաքականությունից դուրս գալու դիմաց սեփականության ճանաչում»,- ասաց Նահապետյնաը։

Ըստ ՔՈ ՍԴԿ-ի անդամի՝ կարելի է գնալ սրան հակառակ տարբերակով, կարելի է հայտարարել, որ մեզնից որևէ մեկը որևէ բիզնեսով չի զբաղվում, մեր մոտ ամեն ինչ կարգին է, բայց արդարության զգացումը հնարավոր չէ կեղծել, ցանկացած թուղթ հնարավոր ա կեղծել, արդարության զգացումը՝ ոչ։ «Ու էս տարբերակում մարդիկ այլընտրանք չեն ունենալու, քան ավելի ռադիկալ ուժերին իրենց քվեն տալու։ Կարող ա մեր 300 հազար դրամ ստացող քննիչները չգտնեն 300 հազար դոլար ստացող ֆինանսիստների թաքցրածը, 99 տոկոսը չգտնեն, բայց էն մի տոկոսը որ գտան, դրա համար մարդիկ են դատվելու։ Եվ սա էն դասական քրեական արդարադատության տրամաբանությունն ա, որի մասին աղաղակում են, որ այ էս լավ բանը վերացնում են, գնում են անցումային արդարադատության։ Ժողովու՛րդ ջան, էդ քրեական արդարադատության տրամաբանության մեջ վերջը դատվելն ա, եկեք, նստենք, քննարկենք հաշտեցման հնարավորությունները»,- ելույթը եզրափակեց Միքայել Նահապետյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել