Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեի վնասը վերականգնել է արտաքին աղբյուրներից ստացված դրամական միջոցներով. Ջաղինյանը գործով վկա է |hetq.am|
08:39 - 05 հունիսի, 2019

Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեի վնասը վերականգնել է արտաքին աղբյուրներից ստացված դրամական միջոցներով. Ջաղինյանը գործով վկա է |hetq.am|

hetq.am: «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում կատարված ստուգման ակտով հայտնաբերված խախտումներն ամբողջությամբ վերականգնվել են ՀՀ պետական բյուջե: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Ըստ Ֆինասնաների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի՝, որին հղում է անում Քննչական կոմիտեն, վնասը կազմել է 183.598.200 ՀՀ դրամ, որից 174.728.700 ՀՀ դրամը վերականգնել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, իսկ 8.869.500 ՀՀ դրամի չափով վնասը վերականգնել են շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպություններըի կողմից:

Ստուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ 400 մլն դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ:

Մինչդեռ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստուգման արդյունքներով պարզվել է, որ ընկերության պատվերով կապալի պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարած թվով 4 ընկերությունների աշխատանքներում հայտնաբերվել են ընդհանուր 8.869.500 ՀՀ դրամի թերի կատարված աշխատանքներ և, նշված գումարի չափով, փաստորեն, համապատասխան ընկերությունները կատարել են վերականգնում:

Թե ինչ ընկերությունների մասին է խոսքը, վարույթն իրականացնող մարմինն այս պահին չի մանրամասնում՝ պատճառաբանելով, թե նախաքննության շահերից ելնելով՝ գործի ընթացքի մասին մեր հայցած տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:

Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության իրականացրած տեխնիկական վերազինման գործընթացի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման նպատակով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությանը 2017 թվականին հատկացվել է 174,728.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով): ՓԲ ընկերության կողմից վերականգնված գումարը հենց վերը նշված նպատակով ընկերությանը տրամադրված գումարի չափով է՝ 174.728.700 դրամ:

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունում խախտումների առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելը:

Լրատվամիջոցների հրապարակումների առթիվ քրեական գործ հարուցելու մասին դատախազությունը տեղեկացրել է 2018 թվականի հուլիսի 4-ին, սակայն առ այսօր գործով որևէ անձ չունի մեղադրյալի կարգավիճակ:

Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ «Հայատսանի Հեռուստառադիոընկերության» խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանը հարցաքննվել է որպես վկա, քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան և չեն եղել:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել