Հայաստանում կորոնավիրուսի 211 լաբորատոր հետազոտություն է կատարվել և մեկ դեպքում է վարակ հայտնաբերվել
19:37 - 09 մարտի, 2020

Հայաստանում կորոնավիրուսի 211 լաբորատոր հետազոտություն է կատարվել և մեկ դեպքում է վարակ հայտնաբերվել

Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Ավինյանի գրասենյակից:

Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից  ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, որ մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել:

Առանձին անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը, առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների ու զբոսաշրջային հոսքերի հետ կապված հարցերին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով:

Առաջին, ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար մենք պահանջում ենք հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ արդյո՞ք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները թե ոչ:

Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և՛ ներկրվող, և՛ արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և՛ դեպի Հայաստան և՛ դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով: 

Երրորդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթների ընթացքում:

Իրանի Իսլամական Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել