Հայաստանում կարելի է իրացնել արգելված դեղանյութեր. բացատրում ենք՝ ինչպես |hetq.am|
16:31 - 19 հունիսի, 2019

Հայաստանում կարելի է իրացնել արգելված դեղանյութեր. բացատրում ենք՝ ինչպես |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը 2019թ. ապրիլի 16-ին հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր նիհարեցնող միջոցների «սև շուկան»: Միջոցներից մի քանիսը պարունակում էին Հայաստանում արգելված «սիբուտրամին» դեղանյութը և ազատորեն իրացվում համացանցով: Դրանք վաճառվում էին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով՝ ԱԻՆ աշխատակցի և Երևանի պոլիկլինիկաներից մեկի բուժքրոջ կողմից։

Սակայն պատասխանատու մարմիններից՝ ո՛չ Առողջապահության նախարարությունը, ո՛չ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, ո՛չ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ո՛չ Պետական եկամուտների կոմիտեն և ոչ էլ մնացած այլ գերատեսչություններ որևէ գործողություն չիրականացրին՝ արգելված դեղանյութի իրացման և իրավիճակը վերահսկելու ուղղությամբ:

Մենք որոշեցինք նրանց գրություններ ուղարկել՝ հասկանալու՝ ինչ միջոցներ են իրենք պատրաստվում ձեռնարկել և արդյոք արգելված դեղանյութերի ազատ վաճառքի մեջ ապօրինության տարրեր կան։

Այդ ընթացքում Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ մեր հրապարակումն ուղարկվել է ՊԵԿ` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Դեղերի ոլորտը վերահսկող Առողջապահության նախարարությունից նախ մեզ հայտնեցին, որ «2010թ․ ՀՀ ԱՆ հրամանով դադարեցվել է «սիբուտրամին» պարունակող դեղերի շրջանառությունը», դրանով իսկ, ըստ նախարարության, իրենց գործառույթը սահմանափակվում է։ Ապա խորհուրդ տվեցին դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին. «սիբուտրամին» պարունակող հաբերից մեկը գրանցված էր որպես կենսաբանական ակտիվ հավելում, ինչը ՍԱՏՄ տիրույթում է։ Սակայն մյուս երկուսը դեղեր էին: Ավելին, եթե հաբերի մեջ հայտնաբերվել է արգելված դեղանյութ, դրանք արդեն չեն կարող համարվել հավելում։

Ինչևէ, դիմեցինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղից «Հետք»-ին հայտնեցին, որ իրենց «լիազորությունների շրջանակներում կիրականացնեն անհրաժեշտ գործողությունները»:

ՍԱՏՄ-ին վերջերս դիմել էինք՝ հասկանալու՝ ինչ միջոցառումներ են իրականացվել մեկ ամսից ավելի ժամանակահատվածում, արդյոք սիբուտրամին պարունակող և պետական գրանցում ունեցող հավելումն ու դրա գրանցումը հետ է կանչվել ԵԱՏՄ-ից։

Այսօր մեզ հայտնեցին, որ իրենք դեղատներում չեն կարողացել գտնել սիբուտամին պարունակող «Нормомасс» կենսաբանական ակտիվ հավելումից, խնդրում են «տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն»: Նշենք, որ հոդվածում մանրամասն ներկայացրել էինք, թե որտեղից, որ օգտատերերից և ինչ գնով էինք ձեռք բերել դեղերը:

Ինչ վերաբերում է «Турбослим День» և «Турбослим Ночь» կենսաբանական ակտիվ հավելումներին, որոնց մոտ մենք մակնշման խախտում էինք հայտնաբարել, ՍԱՏՄ-ից հայտնում են, որ դիտարկում են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերվել է 79 հատ «Турбослим День» և 115 հատ «Турбослим Ночь» ԿԱՀ-ներ, որոնց հայերեն մակնշումը չի համապատասխանել ռուսերեն մակնշմանը: Տրվել է արտադրանքի հետկանչի և իրացումը կասեցնելու կարգադրագրեր:

Վաճառքով զբաղվողներից մեկն առողջապահական ոլորտի աշխատակից էր՝ բուժքույր Լիլիթ Եգանյանը՝ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայից: Առողջապահության նախարարությունն այս մասով առաջարկեց դիմել Երևանի քաղաքապետարանին, «դեղերի շրջանառության նկատմամբ էլ վերահսկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցները կիրառում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»:

Դիմեցինք և՛ քաղաքապետարան, և՛ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինից մեզ հայտնեցին, որ իրենք տեղյակ են «շուկայում առկա քաշի նվազեցման միջոց հանդիսացող սննդային հավելումներում» սիբուտրամին պարունակելու մասին, սակայն դարձյալ ուղղորդեցին դեպի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

Քաղաքապետարանից էլ մեզ հայտնեցին, որ թեև Լիլիթ Եգանյանն աշխատում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում, սակայն բուժքույր է և «հիվանդ չի վարում և դեղորայքային նշանակումներ կատարելու իրավասություն չունի», այդ պատճառով էլ հնարավոր չէ «հայտնաբերել և վերահսկել բուժքրոջ կողմից՝ իր պարտականություններից դուրս իրականացվող աշխատանքները»:

Քաղաքապետարանից, սակայն, «Հետք»-ին տեղեկացրին, որ իրենց վերահսկողության տակ գործող բուժհաստատությունների տնօրեններին հանձնարարվել է «խիստ հետևողական լինել և բացառել ամբուլատոր քարտերում ՀՀ-ում գործող «Դեղերի գրանցամատյանից» դուրս դեղերի նշանակումն ու դուրսգրումը հիվանդներին»:

Ապրիլի 30-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «Հետք»-ի վերը նշված հրապարակումն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտե՝ «հրապարակման մեջ նշված տեղեկությունները ստուգելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»: Մինչ օրս, սակայն, ոչինչ չի պարզվել։

Նախքան դատախազության արձագանքը, Պետական եկամուտների կոմիտեից մեզ հայտնել էին, որ սիբուտրամին պարունակող դեղերի շրջանառությունից տեղյակ չեն ՝ պատճառաբանելով, որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգումը կատարվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով, իսկ «29 ապրանքային խմբում սիբուտրամին դեղանյութ պարունակող միջոցներ «առանձնացված չէն», հետևաբար իրենք չեն կարող տեղեկություն տրամադրել Հայաստանի սահմանով դրանք ներկրելու մասին:

Մինչ օրս էլ սիբուտրամին պարունակող ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքեր էլ չեն հայտնաբերել: Նշենք, որ դեղանյութն արգելված է, այդ պատճառով այն չէր կարող լինել ապրանքների այդ դասակարգման մեջ:

Արգելված դեղերի վաճառքով զբաղվողներից մեկը Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի կապիտան Վիկտորյա Խաչատրյանն էր։ ԱԻՆ-ը իրականացրած քննությամբ՝ իր աշխատակցի գործունեության մեջ որևէ ապօրինություն չէր հայտնաբերել։

Մասնավորապես, «Հետք»-ին ուղարկված գրության մեջ ԱԻՆ-ը հայտնել է, որ Վիկտորյա Խաչատրյանի ֆեյսբուքյան անձնական էջը «կառավարում են մայրը, մորաքույրը, մորաքրոջ աղջիկը և Վ․ Խաչատրյանը», վերջինս էլ զբաղվում է միայն գովազդով և նամակներին պատասխանելով:

Մեջբերում պատասխանից՝
———————————————————————————————

Մորաքրոջ աղջիկը բժշկուհի է Մոսկվայում այդ կապսուլաների վաճառքով զբաղվում է վերջինս (Վ․ Խաչատրյանին, հեղ․) ՝ ուղարկելով դրանք ՀՀ, որպեսզի պատվիրատուները դրանք վերցնեն կամ մորաքրոջ կամ իր հայրական տնից։ Նշված էջի հետ Վ․ Խաչատրյանի գործառույթը կայանում է նրանում, որ կարող է տեղադրել գովազդներ, պատասխանել նամակներին, իսկ անհրաժեշտության դեպքում ուղարկված կապսուլաները փոխանցել պատվիրատուներին՝ օգնելով մորաքրոջ ազջկան։ Ինքն այդ գործողությունների կատարման համար շահույթ չի ստանում:

Վիկտորյա Խաչատրյանը ԱԻՆ քննության ժամանակ հայտնել է, որ հրապարակման մեջ եղած և սիբուտրամին պարունակող Green World ապրանքանիշի կապսուլաները, «ինտերնետում եղած տեղեկությունների համաձայն»՝ դեղահաբեր չեն համարվում և«չեն պարունակում արգելված նյութեր»։

Ուստի քանի ինքը դեղագետ չէ, հիմք է ընդունվում ինտերնետում և տուփի վրա առկա տեղեկատվությունը։

Նշենք, որ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի համաձայն՝ ծառայողն իրավունք չունի կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։

ԱԻՆ-ը ևս հղում է անում այս կետին՝ սրանով իսկ հիմնավորելով, որ Վիկտորյա Խաչատրյանը չէր կարող կատարել վճարովի աշխատանք։

Օրերս Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին հայտնեցին, որ ՊԵԿ ստուգումների արդյունքերի վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս առկա չէ, թե երբ կլինի՝ նույնպես հայտնի չէ:

Վերը նշված պետական կառույցներին հայնտել էինք, որ պատրաստակամ ենք տրամադրելու նաև այլ՝ հավելյալ ու չհրապարակված ապացույցներ, ձայնագրություններ, տեսանյութեր և այլն, սակայն ոչ մի կառույց հավելյալ փաստերի ուսումնասիրության ցանկություն չհայտնեց։

Ստացվում է՝ Հայաստանում հնարավոր է զբաղվել արգելված դեղերի վաճառքով, քանի որ

  • Առողջապահության նախարարությունը դրանք ինչ-որ մի ժամանակահատվածում արգելել է և այլևս գործողություն իրականացնելու «որևէ իրավասություն չունի»:
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դարձյալ ոչինչ չի ցանկանում ձեռնարկել՝ նշելով, որ դեղանյութեր պարունակող հաբերը «հավելումներ են», պետք է դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ասում է, որ ***
    Պետական եկամուտների կոմիտեն շուկայում այդ դեղերի շրջանառությունը չի վերահսկում, քանի որ չգրանցված դեղանյութը չունի ապրանքային կոդ, որով հնարավոր կլիներ հետևել։
  • Դատախազությունն էլ, առանց ՊԵԿ եզրակացության, չի կարող որևէ գործողություն իրականացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել