Հայաստանը պարենային լավ պոտենցիալ ունի. ԵՄ պատվիրակության ղեկավար |news.am|
10:32 - 27 նոյեմբերի, 2019

Հայաստանը պարենային լավ պոտենցիալ ունի. ԵՄ պատվիրակության ղեկավար |news.am|

news.am: Հայաստանը պարենային լավ պոտենցիալ ունի, եւ անհրաժեշտ է ամեն բան անել, որպեսզի օգտագործվեն երկրի արտահանական հնարավորություններն այս ուղղությամբ։ Կարեւոր է նշել, որ, օրինակ, գինու որակը Հայաստանում 10 տարում էապես լավացել է։ Այս մասին մթերային ներդրումների հնարավորություններին եւ գործարարության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովում նոյեմբերի 27-ին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման երկամյակը, որն ամուր հիմք է դարձել շատ ոլորտներում համագործակցության համար։ «Կարեւորագույն ուղղություններից մեկը Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարելավումն է»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։

 

Վիկտորինի խոսքով՝ ԵՄ-ը ջանում է ոչ թե պարզապես օգնել երկրի բնակչությանը քաղցած չմնալ, այլ ունենալ որակյալ պարեն։ «Բացի այդ, կարեւոր է ջանքեր գործադրել գյուղատնտեսության ոլորտում կրթության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ էներգետիկ ճյուղի զարգացման համար, որպեսզի ամուր հիմք ապահովվի բնական պայմանների օգտագործման համար, բարձրացվի արտահանական պոտենցիալը, ինչը սերտորեն կապված է պարենային անվտանգության խնդրի հետ։ Այս հարցում ԵՄ-ը ձգտում է ավելի սերտ համագործակցել Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի հետ՝ տարբեր ուղղություններով, աղքատության հաղթահարման համար, այդ թվում հանրապետության մարզերում»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագիրը (ՀՊԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել է միջազգային համաժողով՝ նվիրված մթերային ներդրումների հնարավորությանը եւ գործարարության զարգացմանը։ Համաժողովը կազմակերպվել իտալական խոհանոցի շաբաթի շրջանակում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել