Համահարթ եկամտային հարկը կլուծի աշխատավարձերի իրական չափերի հայտարարագրման խնդիրը. Արման Պողոսյան
12:45 - 07 հունիսի, 2019

Համահարթ եկամտային հարկը կլուծի աշխատավարձերի իրական չափերի հայտարարագրման խնդիրը. Արման Պողոսյան

armenpress.am: Պետությունը եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրմամբ կլուծի աշխատավարձերի իրական մեծությունների հայտարարագրման և աշխատուժն ավելի ցածր չափով հարկելու խնդիրը: Այս մասին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկմանը վստահեցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է անցնել եկամտային հարկի համահարթեցման՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն տարեցտարի նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

Պատգամավոր Աբովյանը նկատեց, որ կա սոցիալական արդարության խնդիր, և որևէ օրինագիծ չպետք է խանգարի այս արդարության գործընթացներին:

«Այն, որ պրոգրեսիվ հարկման համակարգը սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի արդար ու հիմնավոր է, չի վիճարկվում: Բայց հարկման համակարգը միայն այս խնդիրը չպետք է լուծի: Այն պետք է լուծի նաև ստվերի դեմ պայքարի, ազգային մրցունակության ապահովման և բարձրորակ աշխատուժ օգտագործող ոլորտների մրցունակության ապահովման խնդիր: Ունենք համակարգ, որը թվացյալ պրոգրեսիվ է, սակայն իրականում պրոգրեսիվ չէ: Այսինքն` մենք ձախողել ենք այս խնդրի լուծումը: Դրա համար կառավարությունն ասում է, որ միևնույն է եղած դրույքաչափերով չենք կարողանալու պրոգրեսիվ հարկման, արդար եկամուտների վերաբաշխման խնդիրը լուծել, եկեք գոնե կառավարելի հարկային եկամուտների կորստով լուծենք մյուս երկու խնդիրը: Այսինքն՝ նպաստենք, որ աշխատավարձերի իրական մեծությունները հայտարարագրվեն և արտադրողական աշխատուժը հարկենք ավելի ցածր չափով: Մեր գնահատմամբ՝ այս վերջին երկու խնդիրը հնարավոր է լուծել համահարթ եկամտային հարկի դրույքաչափի ներդրմամբ»,-արձագանքեց Պողոսյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ուսումնասիրվել է արդյոք այն պետությունների փորձը, որոնք անցել են համահարթ եկամտային հարկին:

Պողոսյանը ներկայացրեց եկամտային հարկի ցածր համահարթ դրույքաչափ կիրառող երկրները, որոնք համադրելի են Հայաստանի հետ: ԵԱՏՄ անդամ երկրներում Ղազախստանում, Ղրղզստանում եկամտահարկը 10 տոկոս է, իսկ տարածաշրջանի երկրներից Վրաստանում՝ 20 տոկոս: Ընդ որում` համեմատությունը կատարել են ոչ միայն պարզ, եկամտային հարկի չափը գնահատելով, այլ նաև հաշվի են առել սոցիալական վճարները: «Աշխատավարձի հարկը ոչ միայն եկամտահարկն է, այլ սոցվճարը: Մեզ մոտ սոցվճարների հետ աշխատավարձի հարկը ստացվում է 28-ից մինչև 41 տոկոս»,-նշեց փոխնախարարն ու հավելեց, որ դիտարկումները ցույց են տվել, որ ցածր համահարթ եկամտահարկի կիրառման քաղաքականության արդյունքում երկրները ֆիսկալ ռիսկեր չեն գոյացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել