ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրեական գործերով դատախազական հսկողության խնդիրները
10:34 - 22 նոյեմբերի, 2019

ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրեական գործերով դատախազական հսկողության խնդիրները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2018-2020 թվականների համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում ՌԴ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կլոր սեղան «Անչափահասների կողմից կատարված հանցագործություններով քրեական գործերի վարույթի ընթացքում օրենքների կատարման նկատմամբ դատախազական վերահսկողություն» թեմայով:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կարեն Կարապետյանը և Գայանե Գասպարյանը: Ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության մասնագիտացված ստորաբաժանման, ինչպես նաև Միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության, Քննության, հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության և Քրեադատական գլխավոր վարչության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև համագործակցության խորացման ներկայիս միտումները և դրա շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:

Դաշնային օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պահպանման նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարինա Զայցևան նշել է, որ անչափահասներին ապօրինի և անհիմն մեղադրանքից, դատապարտումից պաշտպանելը, ինչպես նաև նրանց դատավարական իրավունքների պահպանման ապահովումը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության դատախազության գործունեության առաջնահերթ ուղղությունը:

Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակության անդամները նշել են, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև սերտ գործակցությունը, համատեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը, փորձի փոխանակման ու կոնկրետ ոլորտներում արդիական խնդիրների համատեղ քննարկման հնարավորություն է:

Նրանց կողմից նշվել է, որ երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են ոչ միայն յուրաքանչյուր պետության, այլ նաև միջազգային իրավական կարևորագույն խնդիրներից: Եվ այդ առումով ընդգծվել է երեխաների կյանքի բարելավման, իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ՀՀ-ում և ՌԴ-ում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները, անչափահասների մասնակցությամբ վարույթներով իրականացվող դատախազական հսկողության շրջանակները, մեխանիզմները, դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված և ձեռնարկվող միջոցառումները, այս ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել