Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․04․2020
21:47 - 18 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․04․2020

21։00- Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ պարետի որոշման համաձայն՝ վաղվանից մինչև ապրիլի 25-ը սահմանվելու է Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ որոշ բացառություններով։ 

 

19։43-  ՀՀ-ից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանիշներով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

19։09- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ խորհրդակցությանը քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին:

 

17։45 - Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]

16։10 - Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված  համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման  8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի  սահմանափակման հարցը: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան] |armenpress.am|

15։46 - Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ․
🚫 Ճանապարհային ոստիկանությունը ծառայություն կմատուցի միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում:
🚫 Դադարեցվում է վարորդական իրավունքի վկայականների տրման համար տեսական և գործնական քննությունների ընդունումը, տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների կատարումը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող այլ հանրային ծառայությունները։
[Արցախի տեղեկատվական շտաբ]

12։44 - ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց: Պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ:

12։24 - Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերում սոցիալական մի շարք խմբերի։ Աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով: Ներկա փուլն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 200 շահառու սոցիալական տարբեր խմբերից: Այս պահին առաջնային են հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորություն չունեցող, հատկապես՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես խոցելի խավերի երեխաները, բազմազավակ ընտանիքներն ու տարեցները:

12։04 - Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են ՀՀ-ից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 824 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): [Արցախի տեղեկատվական շտաբ]

11։36 - Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Կարդալ ավելին
[Արսեն Թորոսյան]

11։21- Պարետի որոշմամբ սահմանվել է արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորության կանոնները: Կորոնավիրուսից մահացած մարդու դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում, մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով:  |panarmenian.net|

11։06 - Թարմացվել է 18.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1248
Առողջացածներ - 523
Փաստացի բուժվողներ - 705
Ընդհանուր թեստեր - 11796
Մահվան ելքեր - 20 
24 ժամում- 47 նոր դեպք [ԱՆ]

11։03 - Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։
[ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

10։05 - ԱՀ Պարետի 17․04․2020թ․ N 7որոշմամբ, փոփոխություն է կատարվել։
Համաձայն նոր որոշման, Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են։
[Արցախի տեղեկատվական շտաբ]

9։54 - Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: 

Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է:
[Նիկոլ Փաշինյան]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել