Կարելի է եզրակացնել, որ վեթինգի մասին նախագիծը գրվում է այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ դատավորներին տրվելիք գումարները, որ այլևս չլինեն կաշառակեր․ Ն․ Զոհրաբյան |tert.am|
13:54 - 21 հունիսի, 2019

Կարելի է եզրակացնել, որ վեթինգի մասին նախագիծը գրվում է այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ դատավորներին տրվելիք գումարները, որ այլևս չլինեն կաշառակեր․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

tert.am:  Վերջին շրջանում մեր լեզվամտածողություն սահուն կերպով մտավ վեթինգ բառը և բոլորս խոսում ենք վեթինգի մասին: ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իհարկե մեկ օր վեթինգն իր դիրքերը զիջեց հայտնի «բոլոլա»-ին, բայց դա ընդամենը մեկ օր էր, և «վեթինգ» բառը վերականգնեց իր դիրքերը մեր լեզվամշակույթում»,-ասաց նա։

Ըստ պատգամավորը՝ բոլորը խոսում են, բայց երբ փորձում ես հասկանալ ինչպես է իրականացվելու դա, որևէ կերպ, որևէ մեկից՝ այդ թվում ԲԴԽ առաջադրված թեկնածու Վիգեն Քոչարյանից այսօր չկարողացանք ստանալ։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը որպես ԲԴԽ անդամ է առաջադրել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «գուգլով» փորձել է պարզել՝ ինչպես են տարբեր երկրներ իրականացրել վեթինգ և միայն Արգենտինայի օրինակն էր եղել արդյունավետ։ Բացի այդ, խոսում են Ալբանիայի օրինակի մասին, որ իբր լավ է եղել և որին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը, բայց ինքը՝ պատգամավորը, խոսել է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ ու պարզել, որ վերջիններս էլ գոհ չեն եղել արդյունքներից։

«Տպավորությունս այն է, որ վեթինգը Գոդոյի նման բան է, որի մասին բոլորը լսել են, սպասում են, բայց որևէ մեկը չի տեսել։ Երբ մեծամասնությունից փորձում ենք ստանալ, որ ասում են արդեն իսկ նախագիծը կա՝ կտրամադրվի, նորից չենք կարողանում ստանալ։ Այստեղից եզրակացություն կարող ենք անել, որ վեթինգի մասին այդ նախագիծը այստեղ չի գրվում, այլ այնտեղ, որտեղից ակնկալում ենք ստանալ այն գումարները, որոնք պետք է տրվեն դատավորներին, որպեսզի նրանք չլինեն այլև կաշառակեր: Բայց մեխանիզմներն ինչպես է իրականացվելու դա Հայաստանում, չկա պատկերացում որևէ մեկի մոտ»,-ասաց նա և հավելեց, որ ըստ այդմ էլ, հաստատվում է, որ վեթինգի նախագիծը ԱԺ շենքում չի գրվում։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ այն, որ դատական համակարգն այլասերված է, դա փաստ է, որի մասին խոսել է և՛ լրագրող, և՛ պատգամավոր տարիներին։ «Մեզ օդի պես անհրաժեշտ է փոխել այլասերված դատաիրավական համակարգը, բայց որքան անհրաժեշտ է փոխել, նույնքան կարևոր է, թե ինչ մեխանիզմներով են իրականացվելու։ Եթե լինելու են քաղաքական նրբերանգներ, ենթատեքստեր, ապա ունենալու ենք շատ վատ արդյունք, այնպիսին ինչպես Ռուանդայում էր, որտեղ ներքին ցեղասպանություն էր տեղի ունեցել»,-ասաց նա։

Զոհրաբյանն ասաց, որ տաս անգամ նույն հարցը խաչաձև տվեցին ԲԴԽ թեկնածուին, թե ինչպես է պատկերացնում կոնկրետ ՀՀ-ում վեթինգի իրականացման գործիքները, բայց բացի ընդհանուր գործիքներից՝ հավասարություն, եղբայրություն, արդարություն, բարեկամություն, որևէ այլ բան կոնկրետ չլսեցին։ «Դուք կարևոր կառույց եք գնում, որին վերապահվելու է այդ գործընթացն իրականացնել։ Մենք հավատում ենք՝ այդ վեթինգը դուք անձամբ անցնելու եք, և ձեր թեկնածության վրա կանգ են առել հենց դրա համար, բայց դա բավարա՞ր պայման է՝ լինել միայն ազնիվ ու անկաշառ նման պատասխանատու պաշտոն ստանալու համար։ Գոնե դուք պետք է ունենայիք այդ գործիքակազմի պատկերացումը»,-ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ուզում է որպես քաղաքացի հասկանալ, որ անհրաժեշտ գործընթացներն իրականացվելու են բացառապես իրավական ֆորմուլաների մեջ։

«Վեթինգն այնպիսի պատվանդանի վրա ենք դրել, որ բոլորը նրանից սպասում են իրենց փրկությունը։ Մենք դրական ենք տրամադրված ձեր թեկնածությանը, վատ պատմություններում չեք նկատվել, բայց արդյո՞ք դա բավարար է այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար, սա հարց է, որ դուք ինքներդ պետք է մտածեք»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել