Ծառուկյանի գազալցակայանում ստուգում է իրականացվում քաղաքացու դիմում բողոքի հիման վրա. Կոտոլյան |armtimes.com|
05:24 - 12 ապրիլի, 2019

Ծառուկյանի գազալցակայանում ստուգում է իրականացվում քաղաքացու դիմում բողոքի հիման վրա. Կոտոլյան |armtimes.com|

armtimes.com: Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում 6 ԱԳԼՃԿ-ներում: Պարզվում է, այդ 6 ԱԳԼՃԿ-ներից մեկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից է, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, թե սա քաղաքական է եւ պատասխան՝ Ծառուկյանի եւ ԲՀԿ խմբակցության պատամավորների քննադատությանը:

Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքական ոչինչ չկա.

«Տեսչական մարմինը ցանկացած տնտեսվարողի մոտ ստուգում բացելու 3 հիմք ունի, առաջինը դա այն է, որ տվյալ տնտեսվարողը ներառված է լինում տարեկան ստուգումների ծրագրում, որի մասին տարեսկզբին այդ տնտեսվարողին տեղեկացվում է պարտադիր ու այդ ստուգումների ցուցակն էլ հրապարակվում է մեր կայքում:

Երկրորդ հիմքը, որ վարչապետի կողմից հանձնարարական է լինում ոլորտային ստուգման, այդ դեպքում պետք է բոլոր գազալցակայաններում պարտադիր ստուգում լինի, որը, ենթադրում եմ, շուտով կլինի, երբ որ անցնեք կիլոգրամով վաճառքի, որպեսզի մենք ունենանք հստակ պատկեր, թե արդյո՞ք բոլոր գազալցակայաններն են անցել, թե՝ ոչ: Ու երրորդ հիմքը քաղաքացու դիմում բողոքն է: Այսինքն, եթե քաղաքացին բողոքում է ինչ-որ տնտեսվարողից, գալիս է մեզ մոտ, դիմում է գրում, մենք էլ իր դիմումի հիմքով ստուգում ենք բացում:

Բացի այդ 3 տարբերակից, մենք իրավասություն չունենք որեւիցե մեկի մոտ ստուգում իրականացնելու: Այս դեպքում քաղաքացու դիմում բողոքն էր: Ու ասեմ ավելին՝ միայն Գագիկ Ծառուկյանի գազալցակայանում չի ստուգում բացվել: Մի քանի գազալցակայանների վրա կան դիմում բողոքներ, որոնց վրա բացվել է ստուգում»,- ասաց Կոտոլյանը:

Կոտոլյանը նշեց, որ եթե բողոքը գալիս է կոնկրետ մի գազալցակայանից, ապա միայն այդտեղ է ստուգում իրականացվում, այլ ոչ թե ընդհանուր ցանցում: Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ եթե օրինակ այս շաբաթ ստուգումներ են իրականացնում հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը, տեսչություն են հրավիրում այն տնտեսվարողներին, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերել, որպեսզի իրենց բացատրեն, թե ինչ եղանակով է պետք աշխատել, որպեսզի հետագայում չլինեն այդ խախտումները.

«Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե հետագայում ինչ-որ հարցեր լինեն, կարող եք նախապես զանգահարել, մենք մեծ սիրով՝ պատրաստակամությամբ կօգնենք ձեզ, որ այդ թղթաբանությունը, աշխատանքը այնպես դասավորեք, որպեսզի տուգանքներ չլինեն: Այսինքն, ճիշտ աշխատեք: Նախկինում նման պրակտիկա չի եղել: Ամեն հինգշաբթի նրանց հրավիրում ենք, զրուցում ենք, տուգանքների մասին տեղեկացնում ենք եւ խնդրում ենք, որ առաջիկա 15 օրվա ընթացքում վճարեն այդ տուգանքը»,- ասաց նա:

Կոտոլյանը նշեց, որ Ծառուկյանի գազալցակայանում ստուգումները կավարտվեն ամենաուշը ապրիլի 15-ին, իսկ եթե նրա աշխատակիցները ցանկություն ունենան, կարող են հինգշաբթի օրը ներկա լինել տեսչությունում տեղի ունեցող նիստին, որպեսզի միասին զրուցեն եւ հասկանան, թե ինչ խնդիրներ ունեն, որպեսզի հետագայում վերացնեն այդ թերությունները:

Նշենք, որ ստուգումներ են իրականացվում թվով 6 ԱԳԼՃԿ-ներում, որոնցից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա է բացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել