Ինչ թերություններ է ԵՄ գործակալությունը նկատել ՀՀ քաղավիացիայի աշխատանքում. պարզաբանում է Ռևազյանը |armenpress.am|
15:54 - 14 ապրիլի, 2020

Ինչ թերություններ է ԵՄ գործակալությունը նկատել ՀՀ քաղավիացիայի աշխատանքում. պարզաբանում է Ռևազյանը |armenpress.am|

armenpress.am: Չներկայացված զեկույցներ, վարչություններում աշխատանքի տարբեր մոտեցումներ. ահա, թե Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը ինչ թերություններ է հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի աշխատանքում: Դրանց լուծման ուղղությամբ կոմիտեում արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր: Այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանն ու նրա տեղակալ Գալուստ Պողոսյանը:

«Գործակալության զեկույցում որևէ կերպ նշված չէ, թե թերությունները վերջին 2 տարվա ընթացքում են հայտնաբերվել: Նշվում են կոնկրետ թերություններ, որոնք նկատել են փետրվարի 3-7-ը կատարած այցի ընթացքում: Բայց նշված չէ, թե թերությունները փոխկապված են վերջին 2 տարվա հետ: Հակառակը կարող եմ ասել, որ մենք իրականում ունենք նրանց կողմից հայտարարություն, որտեղ ղեկավար կազմն իրականում նշում է, որ դրանք ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության հետ»,-ասաց Ռևազյանը: 

Գալուստ Պողոսյանը ներկայացրեց զեկույցում արձանագրված թերություններից մի քանիսը՝ նկատելով, որ դրանք բազմաբնույթ են: «Օրինակ մենք պարտավոր էինք ու պետք է զեկույց ներդնեինք զեկույցների համակարգում, որը կարգավորվում է թե եվրոպական գործակալության միջոցով, թե միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Իրականում դրանք ներդրված չեն եղել: Սա միանշանակ պետք է շտկվի: Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ: Սակայն դրանք պետք է ներկայացվեին յուրքանչյուր իրադրության ժամանակ, և շատ խորը ուսումնասիրություն պետք է անցկացվի այդ զեկույցների վերաբերյալ»,-ասաց նա: 

Պողոսյանը նշեց՝ կա ընդհանուր պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք հաշվարկ որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանք ունի, ինչ քանակությամբ մասնագետներ են պետք: Նա նշեց, որ աշխատանքն ընդհանուր առմամբ կատարվել է, սակայն այն միասնական չի եղել: «Այսինքն՝ տարբեր վարչություններ, տարբեր մոտեցումներ են եղել: Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումներն ընդհանուր առմամբ եղել են ոչ միասնական: Պետք է լինի մի ուղղություն և աշխատանքը կազմակերպված լինի մի ձևով, այլ ոչ թե բաժանած տարբեր վարչությունների վրա, ամեն ինչ պետք  արձանագրվի, ամեն ինչի մասին պետք է լինեն փաստարկներ»,-ասաց նա: 

Տեղակալի վստահեցմամբ՝ իրականում կոմիտեում կատարվել են շատ աշխատանքներ, սակայն դրանք եղել են զուտ հանդիպումների ընթացքում և պարզապես չեն արձանագրվել: Եվ դա միանշանակ եվրոպական կառույցների կողմից մտահոգություն է առաջացնում: Արձանագրված այլ թերությունների մասին նա խոստացավ ավելի ուշ ևս խոսել: 

Ռևազյանը, անդրադառնալով հարցին, թե որքան արագ կարող են այդ խնդիրները լուծել, ասաց՝ հիմնականում մտածելակերպի խնդիր է:  «Աշխատակիցները պետք է հասկանան՝ հարցը կարելի է արագ լուծել հեռախոսակապով, անձնական միջոցով և այլն, սակայն շատ կարևոր է այդ ամենն արձանագրել: Մենք պետք է կարողանանք մեր ամբողջ պատմությունը կոմիտեում ունենալ:

Պետք է ունենանք, թե 5 տարի առաջ կոմիտեն ինչ խնդիր է ունեցել, հնարավոր է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա աշխատանքի վրա: Բայց այդ ամբողջ պատմությունը չկա, չի հավաքագրվել կամ ամեն վարչություն դա առանձին-առանձին է արել: Աշխատել են միասին, սակայն տվյալները մեկ հարթակում չի եղել»,-ասաց նա ու նկատեց՝ մտածելակերպը փոխելու համար դժվար է ասել, թե ինչքան ժամանակ է պետք:

Ռևազյանը, սակայն, վստահեցրեց, որ արդեն իսկ նկատել են շատ լուրջ փոփոխություններ, մասնագետներ են ներգրավել արտերկրից, որոնք եկել, աջակցել են, բացատրել, թե ինչպես կարող են գործառույթները փոխել: Նա նկատեց՝ արդեն զգացվում է, որ մարդիկ սկսել են այլ կերպ մտածել ու աշխատել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել