«Թեղուտ» ՓԲԸ-ի ճնշումների պատճառով Շնողի և Թեղուտի 4 ընտանիք փաստաբանին խնդրել է Եվրոպական դատարանից հետ վերցնել հայցադիմումները |hetq.am|
06:09 - 19 սեպտեմբերի, 2019

«Թեղուտ» ՓԲԸ-ի ճնշումների պատճառով Շնողի և Թեղուտի 4 ընտանիք փաստաբանին խնդրել է Եվրոպական դատարանից հետ վերցնել հայցադիմումները |hetq.am|

hetq.am: «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային հանքավայրը պահանջում է Թեղուտի աշխատակիցներից հետ վերցնել սեփականության և գույքային իրավունքների ոտնահարման մասին հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից:

«Հակառակ դեպքում ընկերության ղեկավարները սպառնում են դիմումատուներիս հեռացնել աշխատանքից»,- ասաց հողատերերից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը: Շնողի և Թեղուտի 4 ընտանիք Եվրոպական դատարան դիմելու գործով փաստաբան Կարեն Թումանյանից խնդրել է հետ վերցնել իրենց հայցադիմումները:
Հիշեցնենք, որ տարվա սկզբին փաստաբանը Եվրոպական դատարանից ստացել է 8 շահած գործ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Ընկերության ղեկավարները վերջերս անհատապես հանդիպումներ են ունենում աշխատողների հետ, և նրանց ենթարկում են ճնշումների: Գյուղացիները գալիս, մեզ ասում են «Թեղուտ» ՓԲԸ-ն իրենց գործից հանում է»,- ասաց Կարեն Թումանյանը: Վերջինս դիմումատուների համաձայնությունը չունենալու պատճառով անուններ չհրապարակեց, սակայն նշեց, որ նրանցից ոմանք ուզում են իրենց հայցերից հրաժարվել, որովհետև ընտանիքի որևէ անդամ աշխատում է ընկերությունում, որտեղ նրանց աշխատանքից ազատելու սպառնալիքով ճնշում են:

Կարեն Թումանյանը հողատերերի նկատմամբ ճնշումը որակում է ակնհայտ ապօրինի: Նա հայցերը հետ պահանջող գյուղացիներին բացատրել է, որ իրենց գործերը ընթացքի մեջ են և չի կարող գործընթացի կեսից հանել: Իսկ ընկերության ղեկավարներին զգուշացրել է, որ հողատերերին աշխատանքից ազատելու համար լրացուցիչ գործ կներկայացնի Եվրոպական դատարան:

«Թեղուտ» ՓԲԸ-ի դիմումատուներին սպառնալու մասին «Հետք»-ը սեպտեմբերի 17-ի Վանաձորի ասուլիսում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Գիտեք, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ Թեղուտի հանքի վերաբերյալ ես շփումներ եմ ունեցել ՎՏԲ բանկի նախագահ պարոն Կոստինի հետ: Նա շատ լուրջ մարդու տպավորություն է թողել:

Եվ ըստ էության այն պայմանավորվածությունները, որ բանավոր ձևով մենք ձեռք ենք բերել, բոլորը իրագործել է: Ես համոզված եմ նաև, որ այս հարցի վերաբերյալ ձեռք բերված ահազանգերը լսելուց հետո ՎՏԲ բանկը պատասխանատու որոշում կկայացնի, կուսումնասիրի իրավիճակը: Եթե հարցը մեզ էլ կհասնի, մենք էլ կնայենք և կփորձենք օգնել»,- պատասխանեց վարչապետը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հաղթած 8 գործերը նոր հանգամանքի հիմք են հանդիսացել: Այդ հիմքով իրենց սեփականության և գույքային իրավունքները պաշտպանելու գանգատներ է ներկայացրել Շնողի և Թեղուտի ևս 58 ընտանիք: Փաստաբանը, այդ գործերը հիմք ընդունելով, ներպետական դատարաններին դիմել է նոր գործերի վերաբացման համար: Գործերը ներկայացված են ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ներկայացրած բոլոր գործերը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել