Էջմիածնի քաղաքապետի դեմ հայցը մակագրվել է Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը |azatutyun.am|

07:09 - 11 հուլիսի, 2019

azatutyun.am: Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց գտնվող սրճարանը շահագործողը դատական հայց է ներկայացրել քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող տվյալները:

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ սրճարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մերձավորներին է պատկանում:

«Սակայն բոլորս գիտենք, որ այդ ամենի հետևում հենց Գրիգորյանն է կանգնած»,- հավելել էր քաղաքապետը:

Էջմիածնի կենտրոնում՝ ուղիղ քաղաքապետարանի դիմաց գտնվող 776 քառակուսի մետր մակերեսով բացօթյա սրճարանի համար վարձակալը 16 տարի շարունակ տարեկան ընդամենը 23 հազար դրամ է վճարել: Էջմիածնի նախկին քաղաքապետը Մանվել Գրիգորյանի որդին էր՝ Կարեն Գրիգորյանը, որը քաղաքը ղեկավարել է 2008-2018 թվականներին:

Դիանա Գասպարյանը նաև կոչ էր արել քաղաքացիներին բոյկոտել և չօգտվել այդ սրճարանից։

Գործը էլեկտրոնային եղանակով մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի ութ դատավորներից հենց Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք մի շարք ծանր մեղադրանքներով կալանավորված գեներալի դատավոր դուստրը ինքնաբացարկ կհայտնի, թե ոչ:

Հայցը ներկայացրած «Մանչ 045» ՍՊԸ-ի փաստաբան Լևոն Բաղդասարյանը համարում է, որ այսպիսով Դիանա Գասպարյանը վարկաբեկել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Ի դեպ, Լևոն Բաղդասարյանը դատարանում պաշտպանում է նաև Մանվել Գրիգորյանի շահերը:

«Լինելով տեղական ինքնակառավարման մարմինը կրող ղեկավար անձ, տվյալ քաղաքի քաղաքապետուհին՝ իրեն թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք պարունակում են նաև ատելություն սերմանող․․․ ավելին՝ հորդորել է, որպեսզի չօգտվեն այդ տարածքից, ավելին՝ այնպիսի գումար է ինքը առաջարկել, որպեսզի վճարեն, որպեսզի չկարողանան վճարեն»:

Հարցին, թե արդյոք սրճարանը պատկանում է վեց հոդվածներով մեղադրվող Մանվել Գրիգորյանին կամ նրա մերձավորներին, փաստաբանը պատասխանեց.

«Միգուցե այո: Չեմ էլ բացառում: Միգուցե մերձավորներին է պատկանում, միգուցե Մանվել Գրիգորյանին է նաև պատկանում: Բայց տեղեկացնեմ, որ սրճարանի մի հատվածը վարձակալության է տված, և ըստ էության հողատարածքը պատկանում ա տեղական ինքնակառավարման մարմնին: Իսկ կոնկրետ աշխատեցնող սուբյեկտը դա իրավաբանական անձ է՝ «Մանչ» ընկերություն անվանումով»։

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ այս թեմայով չի խոսել, հիվանդությունների պատճառով չեն ցանկացել լրացուցիչ հարցերով ծանրաբեռնել։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը ինքնակամ չհրաժարվի գործը քննելուց, ապա իրենք ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն:

Էջմիածնի քաղաքապետը փոխանցեց, որ հայացադիմումի բովանդակությանը դեռ ծանոթ չէ, բայց պատասխանը չի ուշանա։

Իսկ սրճարանը բոյկոտելու իր կոչը քաղաքապետը հակաիրավական չի համարում․ - «Ես չէի ցանկանա մեր տակտիկական ուղղությունը հիմա հրապարակել, բայց քաղաքապետարանը, բնականաբար, շատ ասելիք ունի, և այդ ամբողջը կշարադրի իր պատասխանում»:

Անդրադառնալով նշված սրճարանը բոյկոտելու իր կոչին՝ Դիանա Գասպարյանն ասաց․ - «Ես որևէ բանի համար չեմ զղջում և որևէ կոչ հակաիրավական չեմ համարում»:

Մինչդեռ իրավապաշտպան Արթուր Սաքունցը նման կոչերով հանդես գալը հակաիրավական է համարում․ - «Քաղաքապետի, որևէ համայնքի ղեկավարի գործառույթի մեջ չի մտնում բոյկոտել այս կամ այն տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ բոյկոտելու կոչ անել։ Դա ավելի շատ կարող է վերաբերել որևէ քաղաքացիական նախաձեռնությանը կամ որևիցե քաղաքացուն, որը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կարող է նման կոչ անել, և որի ազդեցությունը բոլորովին այլ է, քան քաղաքապետի»:

Իսկ եթե սրճարանը կապված է Մանվել Գրիգորյանի անվան հետ, ապա գործը քննող Գրիգորյանի աղջիկը, ըստ Սաքունցի, պետք է անհապաղ ինքնաբացարկ ներկայացնի․ - «Բնականաբար, կա շահերի բախում և կա հիմք օրենսգրքով սահմանված, որ Մանվել Գրիգորյանի աղջիկը որպես դատավոր չի կարող այդ հարցը քննել և պետք է հայտնի ինքնաբացարկ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել