Եթե փորձաքննության արդյունքում կառավարությունը թույլատրի Ամուլսարի շահագործումը, մենք մեր պայքարը կշարունակենք․ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյան
10:14 - 18 ապրիլի, 2019

Եթե փորձաքննության արդյունքում կառավարությունը թույլատրի Ամուլսարի շահագործումը, մենք մեր պայքարը կշարունակենք․ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյան

Լրացավ 300-րդ օրը, ինչ Ջերմուկի բնակիչներն ու բնապահպանները փակ են պահում Ամուլսար տանող ճանապարհները։ Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիները դեմ են սարը հանք դարձնելուն և թույլ չեն տալիս «Լիդիան Արմենիա» ընկերությանը շարունակել հանքի կառուցման աշխատանքները:

Այս հարցում ջերմուկցիների մտահոգությունների, ակնկալիքների և Ամուլսարի պահապանների հետագա գործողությունների թեմայի շուրջ զրուցել ենք Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի հետ։

-Կներկայացնե՞ք՝ ինչու և ինչպես որոշեցիք փակել Ամուլսարի ճանապարհները։ 

-Ճանապարհները փակելու շարժառիթները բավական շատ էին, բայց հիմնական առիթ հանդիսացավ այն, որ Գնդեվազ գյուղի խմելու ջուրը մեկ ամսվա մեջ երեք անգամ վնասեցին, ու գյուղի բնակիչները դուրս եկան՝ ճանապարհ փակելու։ Նրանց հետ ամբողջ համայնքը միացավ գործողություններին, որպեսզի թույլ չտանք՝ «Լիդիանը» իր գործունեությունը ծավալի մեր սարերում։

-Այս պահին ինչպե՞ս է իրավիճակը Ամուլսարում։ Կարո՞ղ եք նշել, թե մոտավոր քանի հոգի է փակ պահում ճանապարհները։

-Ճիշտ չի լինի ասել, թե քանի հոգի է կանգնած ճանապարհներին, քանի որ ամբողջ համայնքն է։ Ցանկացած պահի մենք 15-20 րոպեի ընթացքում կարողանում ենք մինչև 150 մարդ կենտրոնացնել տարածքում, իսկ կես ժամվա ընթացքում, եթե անհրաժեշտություն լինի, 400-500 մարդ։ Սա դեռ միայն տղամարդկանց է վերաբերում, երբ միանում են նաև կանայք, հազարն անցնում ենք։ Այո՛, երիտասարդներն ավելի ակտիվ են ու մշտապես պահպանություն են իրականացնում հանքի երեք ճանապարհների վրա, չեն թողնում, որ այնտեղ գնան հանքը շահագործող կազմակերպության ներկայացուցիչները, բայց դա չի նշանակում, որ մենք մենակ ենք։ 

Համայնքի բնակիչների կողմից աջակցությունն ի՞նչ մակարդակի վրա է, նրանց քանի՞ տոկոսն է դեմ հանքի շահագործմանը։

-Որքանով գիտեմ, Ջերմուկում գրանցված չափահաս բնակչության թիվը 2600 մարդ է, սակայն նրանց մի մասը, բնականաբար, Ջերմուկում չի ապրում։ Մենք ստորագրահավաք էինք անցկացրել, և ավելի քան 3000 մարդ ստորագրել էր, որ դեմ է մետաղական հանքարդյունաբերությանը և ուզում է՝ Ջերմուկը դառնա էկոտնտեսական տարածք։ Սա բնակչության բացարձակ մեծամասնությունն է՝ շուրջ 90%, և պարզ վկայում է, որ երբ «Լիդիանը» ներկայացնում է, թե այստեղ լարվածություն, խոչընդոտներ կամ բախում կա, ստում է։ 

-Դատարանի վերջին վճիռը «Լիդիան Արմենիա»-ն մեկնաբանում էր այսպես․ պետք է վերացնել ներխուժումը և հեռացնել մարդկանց իրենց տարածքից, մինչդեռ այն, կարծես, միայն գույքին էր վերաբերում։ Ըստ Ձեզ՝ դրանով ի՞նչ նպատակ էր հետապնդում կազմակերպությունը։

-«Լիդիանը» իր մանիպուլյացիաների, ապատեղեկատվության տարածման արդյունքում բաժնետոմսերի գների աճ է ակնկալում։ Դրա վկայությունն է հենց այն, որ երբ մենք ձմռան ամիսներին թույլ տվեցինք ձմեռացման աշխատանքներ իրականացնել, և կապալառու կազմակերպություններից մեկը բարձրացավ ընկերության տեխնիկան սարից իջեցնելու, որպեսզի ցրտին չփչանա, իրենք դա ներկայացրին, թե պատրաստվում են գարնանն աշխատանքները վերսկսելուն։ Այս ինֆորմացիան, բանկանաբար, ազդեց արժեթղթերի շուկայի վրա, ու իրենց բաժնետոմսերը սկսեցին բարձրանալ։ Նույնը տեղի ունեցավ նաև այս պարագայում, փաստացի իրենք և՛ մոլորեցնում են իրենց աշխատակիցներին, և՛ ներդրողներին՝ նպատակ ունենալով այս մեքենայությունների արդյունքում հնարավորինս շատ եկամուտ գեներացնել, որովհետև գտնվում են ծանր ֆինանսական կացության մեջ։

-Եթե դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, դա որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ ձեր պայքարի վրա։ 

-Ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ փաստացի պետք է ոստիկանությանը պարտադրեն գալ, ներխուժումը վերացնել, իսկ ներխուժում չկա, որովհետև այն տարածքներում, որտեղ տեղադրել ենք մեր վագոն-տնակները, միայն գրված է «Բարի գալուստ Ամուլսար», բայց որևէ սահմանափակում, գծանշում կամ տարածքը ընդգծելու ցուցանակ, պատնեշ չկա, որ հասկանալի լինի՝ որ տարածքն ում սեփականությունն է։ Եվ քանի որ այս նշանները չկան, տեսանելի չեն, իրենք չեն կարող մեր այնտեղ գտնվելը համարել ներխուժում։ Պետք է իրենց սեփականության տարածքնեը հստակ առանձնացրած լինեն, տարածքը ցանկապատած լինեն, մուտքն արգելող նշաններ դնեն, որ այդտեղ գտնվող մարդկանց համար պարզ լինի, որ դա ուրիշի սեփականության տարածք է։ Հիմա եթե ոստիկանությունը գա և պահանջի վագոն-տնակները հեռացնել, մաքսիմում 1-2 մետր այս կողմ-այն կողմ պետք է քաշեն, ոչ թե տեղափոխեն։ 

-Եթե նոր փորձաքննության եզրակացությունը ցույց տա, որ հանքի շահագործումը չի վնասում ջրային համակարգին, արդյոք դա բավարար կլինի՞ ձեզ համար՝ դադարեցնելու գործողությունները և թույլ տալու, որ հանքը շահագործվի։

-Ջերմուկի բնակիչները բնապահպաններ չեն, մեր խնդիրը բնապահպանությունը չէ միայն, այլ այն տնտեսական համակարգը, որ հայտնվում է Ջերմուկի կողքին ու ներկայանում որպես գերակա։ Ջերմուկը կարիք չունի այլընտրանքի, մենք բավարար քանակությամբ գումար աշխատում ենք, բավարար ձևով մեր կենսական պայմանները Ջերմուկի տնտեսական համակարգի վրա կառուցել, ապրում ենք ու մենք գոհ ենք այդ համակարգից։ Հիմա մի խոշոր կազմակերպություն գալիս, խոշոր բիզնես է դնում ու ասում՝ ձեզ համար այլընտրանք եմ բերել, աշխատատեղ եմ ստեղծում, մինչդեռ աշխատատեղեր Ջերմուկում կան։ Փաստացի, խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև սոցիալ-տնտեսական։ Եվ զարգացման հեռանկարների հետ կապված շատ մեծ խնդիր կա։ Շվեյցարական ծրագրով TigerDev Swiss կազմակերպությունը մի հսկայական հետազոտական աշխատանք էր իրականացրել ու փաստաթղթավորված ներկայացրել է, թե ինչպես են իրենք պատկերացնում Ջերմուկը որպես միջազգային տուրիստական նշանակության կենտրոն։ Իրենք լեռնադահուկային սպորտաձևի զարգացման համար նախագծել էին սահուղիներ ու ճոպանուղի, որը պետք է գտնվեր հենց Ամուլսարի վրա։ Ի զարմանս բոլորիս՝ մենք նոր ենք հայտնաբերում այդ փաստը։ Նախկինում գիտեինք, որ նման ծրագիր կա, բայց փաստաթղթային տարբերակով նոր է հայտնվել մեր ձեռքին, որովհետև հետևողականորեն թաքցվել է այն։ Քաղաքապետարանում շվեյցարացիների իրականացրած պլանը քարտեզագրված, մանրակերտով ներկայացված է, ամեն ինչ շատ պարզ երևում է, բայց այդ քարտեզներում դեռևս 2011-12 թվականներին դիտավորությամբ հեռացրել են Ամուլսարի հատվածը, որպեսզի մարդիկ տեղյակ չլինեն, թե ինչ է նախատեսվել, քանի որ 2005 թվականից Լիդիանն այդտեղ արդեն գործունեություն էր սկսել։ Փաստացի մենք զրկվել ենք մեր վառ ապագայից։

-Ձեր կողմից կա՞ վստահություն փորձաքննություն իրականացնող ELARD կազմակերպության նկատմամբ։

-Մենք փորձաքննություններին չենք վերաբերվում բացարձակորեն կամ վստահության հիմքով։ Մեզ համար իրավիճակն այսպիսինն է․ ուզում ենք, որ վերականգնվի սոցիալական արդարությունը, և պետությունը կարողանա հաշվարկ կատարել՝ հեռանկարային տնտեսական բոլոր իրավիճակները գնահատելով ու հաշվի առնելով։ Այսինքն՝ ELARD-ը միայն բնապահպանական իրավիճակը պետք է փորձաքննության ենթարկի ու նաև իրավական կարգավորումների հարցը բարձրացնի և դիտարկի, այն դեպքում, երբ մենք գտնում ենք՝ հեռանկարային առումով եթե տասը տարի այդ կազմակերպությունը պետք է եկամուտ տա՝ միևնույն ժամանակ Ջերմուկ քաղաքին զրկելով աճի հնարավորությունից, ապա Ջերմուկը՝ որպես էկոհամակարգ, ի վիճակի է իր ֆինանսական հոսքերն ապահովել, անընդհատ մեծանալ, զարգանալ ու ապահովել կայուն ու մշտական աշխատատեղեր։ Մենք ուզում ենք, որ պետությունը բազմակողմանի ու գլոբալ նայի այս հարցին։

-2016 թվականից Ջերմուկն Ամուլսարի ծրագրով ադզակիր է հայտարարվել։ Դրանից հետո պատշաճ հանրային լսումներ եղե՞լ են քաղաքի բնակիչների հետ։

-Օրենքով սահմանված կարգով հանրային լսում Ջերմուկ քաղաքում երբեք չի եղել։ Մեր այս մակարդակի ըմբոստության պատճառներից մեկն էլ նաև այն է, որ իրենք երբևէ հաշվի չեն առել Ջերմուկում ապրող, բիզնես գործունեություն ծավալող կամ հանգստացող մարդկանց շահերն ու կարծիքները։ Հայտնի է, որ հանքարդյունաբերությունն իր հետ բերում է աղքատություն, իսկ իրենք Ջերմուկը դուրս են դրել այդ հանրային քննարկումներից, Ջերմուկը, որ Հայաստանի մնացած հանքարդյունաբերական կետերի կողքին համեմատաբար հարուստ ու կայուն եկամուտ ունեցող քաղաք է։ Ազդակիր համայք ճանաչվելը կամ նոր ՇՄԱԳ-ի հաստատումը էլի չբերեց նրան, որ հաշվի առնեն ջերմուկցիների կարծիքը։ Մեր գործողությունները ուղիղ ժողովրդավարության իրականացման ձև է, որով ցույց ենք տալիս՝ հանրային լսումները Հայաստանում չպետք է ֆիկտիվ ու զուտ միջազգային պարտավորություններից ելնելով լինեն։ 

-Եթե, փորձաքննության արդյունքում Կառավարությունը, այնուհանդերձ, որոշի, որ հանքը պետք է շահագործվի, ի՞նչ գործողություններ եք իրականացնելու։

-Մենք այսպես ենք մեկնաբանում իրավիճակը․ պետությունը Լիդիանին տվել է բոլոր փաստաթղթերը՝ դրական եզրակացություններով, թույլտվություններով։ Եթե ELARD-ը կտա իր եզրակացությունը, որի հիման վրա կառավարությունը հանքի շահագործմանը «ոչ» կասի, մենք կուրախանանք։ Եթե «այո» կասի, փաստացի մեզ համար իրավիճակ չի փոխվում, այսինքն՝ մենք մեր պայքարը կշարունակենք։ 

Աստղիկ Քեշիշյան





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել