Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարելի է կիրառել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի միամտություն է. Նիկոլ Փաշինյան |tert.am|
05:11 - 14 հունիսի, 2019

Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարելի է կիրառել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի միամտություն է. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Այն բանակցությունների փաթեթը, որը գոյություն է ունեցել, և ես որպես ժառանգություն եմ ստացել, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին` իմանալով, որ նրանք դրանից չունեն: Այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Արցախյան կողմը նախկինում տեղյակ չի եղել բանակցություններից:

Ինչ վերաբերում է արցախյան կողմի հերքմանը, թե միշտ էլ տեղյակ են եղել, վարչապետն ասաց. «Հիմա ասում են, թե տեղյակ են պահել, չեն պահել.. տեղյակ պահելու տարբեր ձևեր կան: Հանրությունն էլ է տեղյակ եղել, այդ հանդիպումները թաքուն չի եղել, բոլորն իմացել են, որ այդ բանակցությունները կան, տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»:

Փաշինյանն ընդգծեց, որ իր միտումն այն է եղել, որ Արցախի հարցի բանակցային գործընթացը տեղի ունենա գաղտնիության պայմաններում: «Ես կարծում եմ, որ գաղտնիությունը, բառի ընդհանրական իմաստով, տեղին չէ տվյալ դեպքում, որովհետև սա համազգային հարց է և այդ բանակցություններին հնարավորինս շատ մարդ պետք է տեղյակ լինի: Ես շարունակում եմ պնդել, որ իշխանությունները, կառավարությունը կարող են հակամարտության կարգավորման տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային սեղանի շուրջ ձևավոևվել է շատ թե քիչ ընդունելի մոդել, բայց այդ մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ընդ որում` ուզենք, թե չուզենք»,- շեշտեց վարչապետը և հավելեց.

«Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարող է կիրառվել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի պարզ միամտություն է»:

Հարցին, որ եթե Ադրբեջանը հայտարարի, թե համաձայն է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ այն դեպքում, եթե բանակցություններին մասնակցի նաև արցախյան ադրբեջանական համայնքը, վարչապետը նշեց. «Ես ի սկզբանե ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից և չեմ կարող բանակցել Արցախի հանրապետության անունից, որովհետև Արցախի նախագահը չեմ: Արցախի ժողովրդին պետք է ներկայացնի նրա կողմից ընտրված ներկայացուցիչը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանում ընդունված է ասել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», սակայն այդ համայնքի ներկայացուցիչները բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանական, նախագահական ընտրություններին: «Հետևաբար նրանք արդեն ներկա են բանակցային սեղանի շուրջ, որովհետև նրանք մասնակցելով ընտրություններին՝ ընտրել են Ադրբեջանի նախագահին որպես իրենց ներկայացուցիչ բանակցային գործընթացում: Նկատի ունեմ հենց այսօր Ղարաբաղի, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել, «ադրբեջանական համայնքի» ներկաացուցիչները ներկա են բանակցային գործընթացին` ի դեմս իրենց ներկայացուցիչ Իլհամ Ալիևի»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև հարցին մոտեցավ հակառակ կողմից. «Եթե ադրբեջանական կողմից մասնակցում է թե նախագահը, թե այդ համայնքի ներկայացուցիչը, այստեղ լեգիտիմության հարց է ծագում: Կստացվի, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Այստեղից հարց է ծագում՝ արդյո՞ք միայն այդ համայնքի ներկայացուցիչներին է, որ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնել, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ լիազորություն չունի ներկայացնելու, կամ կիրովաբադի, կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմերի համար տարբերություն չկա, թե ինչ կազմով կգա ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններին: Ըստ նրա, այդ կազմն առաջ կբերի հարցեր: «Մեր պարագայում այդպիսի հարցեր առաջ չեն գա, քանի որ կա Հայաստանի պատվիրակություն, որն ունի իր ներկայացուցիչը և կա Ղարաբաղի պատվիրակություն`իր ներկայացուցչով: Արցախի Հանրապետության ներկայացուցիչն է միայն իրավասու ներկայացնել Արցախի բոլոր քաղաքացիներին, եթե Ադրբեջանի նախագահն իրավասու չէ ներկայացնել իր երկրի բոլոր քաղաքացիներին և դրա համար այդ քաղաքացիների խմբերը պետք է գան բանակցություների, թող գան, բայց այդ դեպքում հարցեր կծագեն, իսկ գուցե թալիշների, լեզգիների, քրդերի պատվիրակությունը պետք է գա առանձին, Բաքվինը՝ առանձին և այսպես շարունակ»,- շեշտեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել