Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ |armtimes.com|
08:20 - 15 սեպտեմբերի, 2019

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ |armtimes.com|

armtimes.com: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը դեռ չի գտել խորհրդականի հարմար թեկնածու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Շիրինյանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը: Վերջինս այդ պաշտոնից ազատվել էր հունիսի 16-ին՝ սեփական դիմումի համաձայն: Գրեթե երկու ամիս է, ինչ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն աշխատում է առանց խորհրդականի, վերջինիցս հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դա որեւէ կերպ անդրադարձել է ՀՌՀ-ում իրականացվող աշխատանքներին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը նկատեց, որ շատ հավանական է, որ խորհրդական այդպես էլ չունենա, քանի որ վստահ չէ, թե դրա կարիքը ունի: «Այս պահին դեռ չեմ կողմնորոշվում, այս ընթացքում այդ պատասխանն եմ փորձում ստանալ, եթե զգամ, որ կարիքը կա՝ որոշում կկայացնեմ»,-ասաց նա:

Արա Շիրինյանը հայտնեց, որ արդեն հասցրել է հարմարվել ՀՌՀ խորհրդի նախագահի իր աշխատանքին եւ ամեն ինչ բնականով հունով է ընթանում:

Ավելի վաղ ֆեյսբուքյան էջի միջոցով իր ազատման լուրը հայտարարելով Տիգրան Պասկեւիչյանը նշել էր, որ իր բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։ «Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն եւ դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը»,-գրել էր Տիգրան Պասկեւիչյանը:

Պասկեւիչյանի գրառմանն արձագանքել էր Արա Շիրինյանը եւ պատասխան հայտարարությամբ հանդես եկել: ՀՌՀ խորհրդի նախագահը նշել էր, որ իր եւ Պասկեւիչյանի անհամաձայնությունն իրականում եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի: Սակայն իր համար ընդունելի չէ տասնամյակների ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա բարդելը: Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, եւ պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում:

Ըստ Շիրինյանի՝ բազմաթիվ հրաշալի նախագծեր եւ հայեցակարգեր մնացին թղթի վրա եւ Հանրայինի՝ այնքան մոտ թվացող բաղձալի փոխակերպումը 75 օրում (Պասկեւիչյանի պաշտոնավարման ժամկետը) այդպես էլ տեղի չունեցավ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել