ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի |factor.am|
17:08 - 21 մայիսի, 2019

ԵՄ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը և պատրաստ է աջակցել. Պյոտր Սվիտալսկի |factor.am|

factor.am: Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Գլխավոր պատճառն հետևյալն է. Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում: Հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են»,- ընդգծեց Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: «Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը: Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեզ վրա կարող է հույս դնել:

Արդարադատության բարեփոխումների շրջանակում մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունե ենք սկսել և կառավարությանը խրախուսում ենք բարեփոխումների համար անհրաժեշտ միջոռացումները քաղաքացիական հասարակության ու դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով ձեռնարկել»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Ըստ նրա՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատտճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան և քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան: «Կարծում եմ՝ դատարանների նկատմամբ վստահության վերականգնմանը խոչընդոտող խնդիրները հենց սրանք են»,- եզրափակեց Սվիտալսկին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել