ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով |armenpress.am|
10:19 - 12 նոյեմբերի, 2019

ԵԱՏՀ-ն զբաղվում է Լարսի անցակետից պանրով բեռնված մեքենաների հետ ուղարկելու հարցով |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նամակ է ստացել «Սպայկա» ընկերությունից՝ պանրով բեռնված բեռնատարարները Վերին Լարսի անցակետից հետ ուղարկելու հարցի վերաբերյալ և սկսել է զբաղվել խնդրով: Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդկացման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Սպայկա»-ն դիմել է մեզ, մենք 2 օր առաջ նամակ ենք ստացել ընկերությունից: Մենք երեկվանից սկսել ենք այդ հարցով զբաղվել, այսօր հուսով եմ, որ կազմակերպության հետ այդ հարցերի շուրջ կխոսենք, ավելի խորությամբ կհասկանանք խնդիրը: Հիմնական խնդիրը հիմա այդ պանրի ծագման հարցն է: Ռուսական կողմից դեռևս չի ստացվել պաշտոնական եզրակացությունը, թե ինչ փաստերի հիման վրա է այդ պանիրը համարվել ոչ հայկական: Պետք է հասկանանք, թե Հայաստանում այդ պանիրն ինչ լաբորատոր փորձարկումներ է անցել, դա համադրենք, հասկանանք ճշմարտությունը, և դրա հիման վրա անենք եզրակացություն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ եթե պանիրն իսկապես հայկական է, ապա ռուսական մաքսատան պատասխանատուների առաջ պետք է հարց դնել, թե ինչու այն ծագման պատճառաբանությամբ բաց չի թողնվել:

Մինասյանը նկատեց՝ սակայն դա գործընթաց է, որին դեռ պետք է հասնել, առանց փաստերի անիմաստ է: Նա շեշտեց՝ իրենց համար կարևոր է պարզել ճշմարտությունը, թե որն է խնդիրը: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ առհասարակ բավականին օբյեկտիվ հիմքեր են լինում, որ ավտոմեքենաների մինչև 5 տոկոսը կանգնեցվում է անցակետում, քանի որ երբեմն տնտեսավարողները բարեխիղճ չեն լինում:

Անդրադառնալով Լարսի անցակետում կուտակումներին առհասարակ ՝ Մինասյանը կարևորեց, որ մաքսային մարմինների մեջ ստեղծվի վստահություն: Նա կարևորեց, որ օրինակ Ռուսաստանի անցակետում վստահեն Հայաստանի ստուգմանը ու ավտոմեքենան բաց թողնեն առանց ստուգման:

«Դրա համար մենք պետք է արդյունավետ մեխանիզմներ ներդնենք, որ մաքսային անցակետերում վստահ լինեն, որ լեգալ, ոչ կոնտրաֆակտ ապրանք է շրջանառվում երկրների մեջ»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել