Դպրոցներում 22 դասաժամի համար աշխատող 3-4 ուսուցիչներ կան, այդ հաստիքները պետք է կրճատվեն, համակարգային լուծում է պետք. Սոֆյա Հովսեփյան |tert.am|
05:33 - 23 հուլիսի, 2019

Դպրոցներում 22 դասաժամի համար աշխատող 3-4 ուսուցիչներ կան, այդ հաստիքները պետք է կրճատվեն, համակարգային լուծում է պետք. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

tert.am: 10 000 ուսուցիչ կրճատելու վերաբերյալ քննարկում չի եղել, մինչ օրս որևէ հարց չի բարձրացվել այդ մասին կառավարությունից և Ազգային ժողովում այդ հարցը չի քննարկվել ընդհանրապես: Այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը:

«Բայց այն, որ ուսուցիչների կրճատման խնդիրն իրապես կա, դա փաստ է: Մարզերում շատ տարածված է այն երևույթը, որ մեկ դրույք աշխատանքի՝ այն էլ 22 ժամ, օրինակ՝ «Հայոց լեզու» կամ «Գրականություն» առարկայի դեպքում, տնօրենները նախկինում, նախկին վարչակարգի հետ համատեղ գումարներ վերցնելով՝ մեկ դրույքի վրա բերել են երկու կամ երեք մասնագետ: Եվ այսօր դպրոցներ կան, որ երեք նույն առարկայի մասնագետ 22 ժամի համար են աշխատում, այն էլ 8 ժամ առավելագույն ծավալով. այս դեպքում թերբեռնվածության խնդիր է առաջանում, այս դեպքում է միայն, որ պահանջվում է կրճատել ուսուցչին»,- պարզաբանեց պատգամավորը:

Սոֆյա Հովսեփյանը մանրամասնեց, որ սա չի վերաբերում «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներին. «Տվյալ դեպքում, այնուամենայնիվ, առավելագույն ժամը կարող է լինել փոքր դպրոցների համար 8 ժամը և այստեղ մեկ մասնագետ է, այդ մեկ մասնագետը չի կրճատվելու, սա թերբեռնվածության դեպք չի համարվելու: Այսինքն՝ խնդիրը բացառապես արհեստածին թերբեռնվածությա՞ն մասին է։ Եթե օրինակ՝ 8 ժամ «Քիմիայի» դասաժամ ունեցող դպրոցում կրկին կա երկու կամ երեք ուսուցիչ, սա իրապես մեծ խնդիր է առաջացնում: Այստեղ արհեստականորեն, կարծես թե, թույլ չի տրվում, որ մեկ մասնագետը նորմալ վարձատրվի»,- նշեց նա։

«Այս հարցը շատ վաղուց է քննարկվել, մինչև անգամ մեր իշխանության գալը: Այս հարցին ես՝ որպես կրթության փորձագետ, տիրապետում եմ, բայց մենք կրճատման հարց այս պահին չենք քննարկել»,– ավելացրեց նա:

Հարցին՝ արդյոք կարող է թիվ նշել, թե արհեստական գերբեռնվածությունը թոթափելու համար քանի հաստիք կկրճատվի, նա ասաց, որ հստակ թիվ ասել չի կարող: «Վերջին մեկ տարում այդ թիվը բավական փոփոխվել է: Այսինքն՝ մինչև հեղափոխությունն էլ բավականին շատ տնօրեններ, ֆինանսական խնդիրներից ելնելով, կրճատումներ էին արել. կազմակերպիչների, ջոկատավարների և այլ հաստիքներ են կրճատվել: Այսինքն՝ կրճատումներ եղել են թե՛ 2017 թվականին, թե՛ 2018-ին»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել