Դեսպան նշանակվելու համար անհրաժեշտ կլինի 15 տարվա ստաժ |armenpress.am|
05:49 - 14 հունիսի, 2019

Դեսպան նշանակվելու համար անհրաժեշտ կլինի 15 տարվա ստաժ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անդամ Արման Բաբաջանյանն առաջարկում են սահմանափակել քաղաքական և այլ նկատառումներով դեսպանների նշանակումը: Նրանք առաջարկում են սահմանել պահանջ՝ դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվելու համար անձը պետք է ունենա դիվանագիտական ծառայության առնվազն 15 տարվա փորձ։

Ռուբինյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն ու մանրամասները:

«Նախկինում, ըստ էության, դիվանագիտական ներկայացուցիչ կարող էր նշանակվել գրեթե ցանկացած մեկը, դիվանագիտական ծառայող լինելու, փորձի նախապայման չի եղել: Կային մի քանի պահանջներ, սակայն դրանք շատ լայն չէին, և սա բերել էր նրան, որ հաճախ դեսպաններ նշանակվում էին քաղաքական, բիզնես նկատառումներից ելնելով: 

Եվ այս ամենից տուժում էր դիվանագիտական ծառայությունը, իսկ ցածր ու միջին մասնագիտական մակարդակի դիվանագետներն աճի տեղ չունեին։ Հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ քաղաքական նշանակում չի լինելու, մինչև այսօր այդպիսի նշանակում չի եղել, և նախկին տրամաբանությամբ նշանակված դեսպաններն արդեն հետ են կանչվել:

Եվ չնայած արդեն կա կամք՝ դիվանագետներին նշանակել որպես դեսպաններ, սակայն այս նախագծի նպատակն է բացառել արատավոր պրակտիկայի երբևէ կրկնությունը»,-ասաց Ռուբինյանն ու 15 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ սահմանելը համարեց տրամաբանական:

Նրա կարծիքով՝ ցանկացած դիվանագետ դեսպանի մակարդակին հասնելու համար պետք է որոշակի ճանապարհ անցնի: Դա միտված է համակարգի առողջացմանն ու մասնագիտացմանը:

Սակայն Ռուբինյանը տեղեկացրեց, որ քաղաքական նշանակումների համար սահմանվում է ընդհանուր դիվանագիտական ներկայացուցիչների թվի 15 տոկոս քվոտա, այսինքն՝ 15 տոկոսը կարող են դիվանագիտական ծառայության փորձ չունենալ: Նա նկատեց, որ աշխարհում կա նման պրակտիկա, որ որոշակի տոկոսը որոշակի պատճառներով կարող է դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվել արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված:

Հարցին՝ արդյոք նախադեպե՞րն են ստիպել նման նախագիծ կազմել՝Ռուբինյանը նշեց, որ նկատի են ունեցել վատ նախադեպերը:

Շարունակությունը՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել