Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան
13:52 - 01 ապրիլի, 2020

Գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք․ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ Էկոնոմիակայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտին առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, ինչպես նաև արտոնյալ ժամկետ՝ 3-ից մինչև 12 ամիս ժամկետով, իսկ ինտենսիվ այգիների դեպում՝ մինչև 5 տարի աժմկետով։

«Մեր կողմից առաջարկվող ծրագրերը 2 տարբերակ են իրենցից ներկայացնում։ Առաջինը վարկավորումն է, մյուսը փոխհատուցման բաղադրիչն է։ Եթե քաղաքացին ցանկանում է դիմել վարկի, նա դիմում է ֆինանսական կառույցին։ Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարությանը։ Նախարարությունը մարզերում կազմակերպում է այդ խմբի համար դասընթացներ։ Կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված՝ այդ դասընթացներն այս պահին հեռակա են կազմակերպվում»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ դասընթացներից հետո մարդիկ ստանում են հավաստագիր և հավաստագիրը կարողանում են ներկայացնել ֆինանսական կառույցին։ Յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն ինքն է կատարում  վարկունակության գնահատում, որոշում է՝ տրամադրե՞լ վարկը, թե՞ ոչ։ 

«Շատ մարդիկ ասում են՝ մենք գումար ունենք, չենք ուզում վարկ վերցնել։ Նման մարդկանց համար մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ։ Օրինակ, եթե ջերմոցային տնտեսություններ, խելացի անասնաշենքեր, ինտենսիվ այգիներ կառուցելու, ոռոգման համակարգերի ներդրման, տոհմային ոչխարաբուծության նպատակով արտադրությունների ցանկություն կա, մենք առաջարկում ենք փոխհատուցման տարբերակներ»-, նշեց նա։

Արման Խոջոյանն ասաց, որ յուրաքանչյուր տարբերակի համար սահմանված են տարբեր տոկոսադրույքներ։ Օրինակ, եթե խելացի անասնաշենք է կառուցվում, նախարարության գնահատմամբ՝ առաջին մոդելը 11 մլն դրամ է, և նախարարությունը փոխհատուցում է 5,5 մլն դրամը։

Փոխնախարարը նշեց, որ եթե վարկի դեպքում պետք է դիմել վարկային կազմակերպություններին, ապա փոխհատուցման բաղադրիչի դեպքում պետք է դիմել Էկոնոմիկայի նախարարությանը։ 

«Մի վարկատեսակ ունենք՝ մինչև 1 մլն և 3-ից 15 մլն դրամ։ Այն ունի նաև 12 ամիս արտոնյալ ժամկետ։ Այդ վարկատեսակից կարող են օգտվել՝ կատարելու վարի աշխատանքներ, ձեռք բերելու սերմացուներ, ոռոգման համակարգեր, սարքավորումներ, գյուղտեխնիկա։ Այն ամենը, ինչ առանձնացված ծրագրերով չունենք, տեղավորվում է մեր մինչև 15 մլն վարկատեսակի տրամաբանության մեջ»-, ասաց նա։ 

Փոխնախարարը նշեց, որ  առաջարկվող բոլոր ծրագրերի մաս են կազմում 11 բանկ և մոտ 7 վարկային կազմակերպություն։ Ամեն ծրագիր ունի ցանկություն հայտնած բանկեր։ Նախարարության կողմից յուրաքանչյուր ծրագիր հայտարարվում է առանձին, և բանկերը ցանկություն են հայտնում մաս կազմելու այդ ծրագրին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել